Կեսարյան հատում. Բացառիկ նկարահանում վիրահատարանում (18+)


«Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարը ներկայացնում է Հայաստանի առաջատար վիրաբույժների և բժիշկների գլխավորությամբ ամենաբարդ վիրահատությունները՝ հենց վիրահատարանից: Առանց մեկնաբանության դիտեք կեսարյան հատումը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսի Պողոսյանը կատարում է կեսարյան վիրահատություն: Բնական ծննդաբերությունը ծննդալուծման այն ճանապարհն է, որը տրված է բնության կողմից: Բնական ճանապարհով ծննդաբերելիս երեխան ձեռք է բերում հորմոնների որոշակի քանակ, որի շնորհիվ առավել հեշտ է հարմարվում արտաքին աշխարհին: Սակայն ներկայում կեսարյան հատումով ծնունդների թիվն աճում է օր օրի: Աշխարհում ամեն 10-րդ երեխա լույս աշխարհ է գալիս կեսարյան հատման ճանապարհով: Իրականում կեսարյան հատումն իրենից ներկայացնում է վիրահատություն, որը պետք է կատարվի միայն բացարձակ կամ հարաբերական ցուցումների դեպքում: Բացարձակ են համարվում այն ցուցումները, որոնց դեպքում կնոջ՝ բնական ճանապարհով ծննդաբերելու հավանականությունը գրեթե զրոյական է կամ վտանգ է ներկայացնում մոր կամ պտղի կյանքի համար: Բացարձակ ցուցումներից են ընկերքի սխալ ձևավորումը, պտղի սխալ դիրքը, կոնքերի նեղությունը, արյան բարձր ճնշումը, սեռական օրգանների հերպեսը, արհեստական բեղմնավորումը, մոր մոտ առկա հիպերտոնիան, երիկամների, սրտի հիվանդությունները, ողնուղեղի վիրահատությունը, աչքերի թույլ տեսողությունը, նախկինում կեսարյան հատումով ծննդաբերելու հանգամանքը: Հարաբերական են այն ցուցումները, որի ժամանակ իրականացվում է վերահսկողություն մինչև իրավիճակի հստակեցումը՝ ընկերքի վաղաժամ շերտազատման, որն առատ արյունահոսության պատճառ է դառնում, պտղի դիրքի հանկարծակի փոփոխության, պորտալարի անջատման և մի շարք այլ դեպքերում: Կեսարյան հատումների թվի ավելացումը բացատրվում է նրանով, որ ներկայումս կանանց մի մասը կարծում է, թե սա ամենաանվնաս, անցավ եղանակն է, որից հետո նա չի ենթարկվի ֆիզիոլոգիական փոփոխությունների և ավելորդ սթրեսի, և միակ հետևանքը կլինի որովայնի սպին: Սակայն կեսարյան հատման արդյունքում նույնպես կարող են առաջանալ մի շարք բարդություններ՝ վերքի լավացման խնդիրներից մինչև թարախակալում: Կեսարյան հատումների թվի ավելացման հետ մեկտեղ նկատվում է ծնունդների թվի ավելացում: Սա բացատրվում է նրանով, որ այս ճանապարհով երեխա ունենալը հնարավոր է դառնում առավել բարձր տարիքային խմբի համար: Ինչ ճանապարհ էլ ընտրվի փոքրիկի լույս աշխարհ գալու համար, այն պետք է լինի հնարավորինս անվնաս և՛ մոր, և՛ փոքրիկի համար:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.