Մսագործ Դավիթ Թամրազյանը սպանել ու հրկիզել է նախկին ընկերուհուն. Պաշտպանի և մեղադրողի թեժ երկխոսությունը
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:
Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:
Դավիթ Թամրազյանը աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի հետ ինտիմ կապը խզելուց հետո նրա հետ ինքը չի վիճաբանել, սեռական հարաբերություններ չի ունեցել, իսկ Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը:
Նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:
Ինքը սուտ ցուցմունք է տվել նաև, երբ ասել է, թե սատանայապաշտական խմբի անդամ է եղել: Սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությամբ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի պաշտպանն ուսումնասիրի քրեական գործում առկա ևս մեկ էլեկտրոնային կրիչ ու դրա վերաբերյալ հարցեր տա դեռևս ցուցմունք տվող ամբաստանյալ Թամրազյանին:
Պաշտպանն այսօր նշեց, որ անհրաժեշտ է համարում հետազոտել նաև Թամրազյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, հետո հարցեր կտա՝ բոլոր ապացույցների հետ կապված:
Դեռ օգոստոսի տասնհինգին պաշտպան Կ. Գրիգորյանը դիմել է ՀՔԾ, որ իր պաշտպանյալ Դավիթ Թամրազյանը դատական քննության ժամանակ հայտնել է, թե նախաքննական ցուցմունքները տվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատողների ճնշումների ու բռնությունների ազդեցության ներքո:
Ըստ պաշտպանի՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, քննիչն այն ընդունել է վարույթ:
«Ի՞նչ ա հարուցված, ինչի՞ հետ կապված»,- հարցրեց մեղադրող Սարգսյանը:
Նախագահողը տեղեկացրեց, որ գործը հարուցվել է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:
Այնուհետև Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, թե «Վիվասելի» կողմից ներկայացված հեռախոսային խոսակցությունների վերծանումներում անգլերեն գրառումներ կան, միջնորդեց թարգմանիչ ներգրավել, որպեսզի կարողանա լիարժեք հետազոտել վերծանումները:
Նախագահողը որոշեց, որ մերժում է պաշտպանի միջնորդությունը, որովհետև տվյալ վերծանումները մեղադրանքի հետ կապ չունեն:
Պաշտպանը հակառակվեց, թե քննիչն այդ վերծանումները պահանջելով՝ արձանագրել է, որ քննության համար կարևոր հանգամանքներ են պարունակվում դրանցում:
2012 թվականի դեկտեմբերի մեկից սկսած ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումների վերաբերյալ մեղադրողն ասաց, թե պաշտպանի միջնորդությունը հիմնավոր չէ. «Կարող ա ամբաստանյալը շատ խոսակցություն ա ունեցել, իմ ինչի՞ն ա պետք: Նրա խրախճանքների վերաբերյալ խոսակցությունները մեզ չեն վերաբերում»:
Պաշտպանը նշեց, թե տվյալ վերծանումներով կհիմնավորվի, որ 2012 թվականի դեկտեմբերի մեկից Թամրազյանը չի գնացել տուժողի վարձակալած բնակարան:
Մեղադրողը հիշեցրեց, որ սպանությունը կատարվել է 2013 թվականի մայիսին:
Նախագահողն էլ պարզաբանեց, որ ալեհավաքը ցույց չի տալիս՝ կոնկրետ որ բնակարանում է գտնվում հեռախոսով խոսողը, միայն ցույց է տալիս շառավիղը, որում գտնվում է նա: Բացի այդ՝ ինչո՞ւ պիտի ինչ-որ բնակարանում գտնվելով՝ մարդը պարտադիր այնտեղից զանգեր, վերծանումները չեն կարող հիմնավորել՝ անձը եղե՞լ է կոնկրետ բնակարանում, թե՞ ոչ:
Կրոմվել Գրիգորյանը սկսեց տող առ տող հրապարակել ամբաստանյալի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ 2012 թվականի դեկտեմբերի 1-ից: Վերծանումները 106 էջ են:
«Պատրաստվում եք այս ամբողջը հետազոտե՞ք»,- հարցրեց նախագահողը:
«Այո»,-հանգիստ պատասխանեց պաշտպանը:
«Մի տարի որ հետազոտենք՝ չենք ավարտի: Դուք հետազոտել եք, ձեր հետազոտության արդյունքը ներկայացրեք»,- առաջարկեց նախագահողը:
Բայց պաշտպանը պնդեց, թե իր եզրակացությունը կներկայացնի միայն ամբողջ վերծանումներն դատարանում ընթերցելուց հետո:
Մեղադրողի նյարդերը տեղի տվեցին. «Ի՞նչ կապ ունի՝ դեկտեմբերին որտեղ ա եղել Թամրազյանը, եթե հանցագործությունը հաջորդ տարվա մայիսին ա կատարվել: Պաշտպանը չի պատճառաբանում իր հետազոտումը, հո սա ցանկությունների տեղ չի՞»:
Պաշտպանը շտապեց առաջարկություն անել. «Եթե համաձայն եք, որ արձանագրենք՝ Թամրազյանը տուժողի վարձած բնակարանում չի եղել դեկտեմբերից մինչև հաջորդ տարվա ապրիլ, ես վերծանումները կհրապարակեմ ապրիլի քսանհինգից»:
Մեղադրողն ասաց՝ հա, համաձայն եմ, բայց սա կատեգորիկ հայտարարություն չի: Ապա ասաց. «Ամբաստանյալը տուժողի տունը նկարագրել է ժամացույցի ճշգրտությամբ, Կոջոյանն ու Ռուխկյանը չէին կարող այդպես ճշգրիտ նկարել»:
Պաշտպանը հայտնեց, թե նիստերը ձգձգելու ցանկություն չունի, իր ճառի մեջ կբացահայտի, թե ինչ է տվել այս վերծանումների հետազոտումը:
«Որ ապրիլի քսանհինգին ամբաստանյալի հեռախոսը սպասարկել է Տիգրան Մեծի փողոցի ալեհավաքը, ուրեմն՝ մայիսին նա սպանություն չի՞ կատարել: Ծագումնաբանությունից է սկսում, դա ի՞նչ կապ ունի… Մենք հո ստեղ պարապ չե՞նք, սպանելա՝ սպանության համար կմեղադրվի, ձգձգելը ձեր աշխատանքի ոճն է, մենք գիտենք, պուբլիկան էլ գիտի»,- մեղադրողը շարունակում էր երկխոսությունը պաշտպանի հետ:
«Ես չեմ ձգձգում, անմեղ մարդուն բերել՝ սպանության համար մեղադրում եք…»,- հակադարձեց պաշտպանը:
Խոսքային փոխհրաձգությամբ անցած դատական նիստը հետաձգվեց:
Նախագահողը պաշտպանին առաջարկեց, որ հաջորդ նիստին «կոնսպեկտ» անի վերծանումների վերաբերյալ ու իր եզրակացությունն էլ հետը՝ ներկայացնի: