«Թեփ» Արմենի սպանության գործը դատարանում է . Նժդեհ Ենոքյանը վրեժխնդիր է եղել «օրենքով գող» Գոռի սպանության համար


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Նժդեհ Ենոքյանի և Ցոլակ Ենոքյանի գործի դատական քննությունը: Ըստ դատական ակտի՝ 22-ամյա Նժդեհն ու 47-ամյա Ցոլակը դատապարտվել են հետևյալ արարքների համար: Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Նժդեհ Ենոքյանը նույն գյուղի նախկին բնակիչ, «օրենքով գող» Գոռ Ենոքյանի ազգականն է: Գոռ Ենոքյանը 2006 թվականից անհետ կորած է համարվում: Գյուղում տարածված խոսակցություններից ու տարբեր աղբյուրներից Նժդեհն իմացել է, որ Գոռին սպանել է Սարդարապատ գյուղի բնակիչ, «Թեփ» մականունով Արմեն Եփրեմյանը, ով վերջին տասը տարիներին ապրել է Ռուսաստանում: Նժդեհը խոստացել է անձամբ վրեժ լուծել Գոռ Ենոքյանի սպանության համար: 2013 թվականի նոյեմբերի 8-ին 41-ամյա Արմեն Եփրեմյանը կնոջ հետ ժամանել է Հայաստան՝ կնոջ հիվանդ հորը տեսակցության: Նոյեմբերի 10-ին Արմենի աները մահացել է: Արմենն ու կինը բնակվել են կնոջ բարեկամուհու տանը՝ Սարդարապատ գյուղում: Նժդեհ Ենոքյանն իմացել է, որ Արմեն Եփրեմյանը գյուղ է եկել: Նա իրենց տան մետաղե պահարանից վերցրել է Գոռ Ենոքյանի եղբայր Ցոլակ Ենոքյանի անվամբ գրանցված որսորդական ողորկափող հրացանը, որը ժամանակին պատկանել է «օրենքով գող» համարված Գոռ Ենոքյանին: Հենց այդ հրացանով է Նժդեհը ցանկացել վրեժխնդիր լինել: Հրացանը Ցոլակ Ենոքյանը Ռուսաստան մեկնելուց առաջ՝ 2013 թվականի ապրիլին ի պահ էր հանձնել Նժդեհի հորը, ով զենքը պահել էր իրենց տան մետաղե պահարանում: Հրացանը վերցնելով՝ Նժդեհը Գոռ Ենոքյանի դստեր ամուսնուց գնած մեքենայով սկսել է հետևել Արմեն Եփրեմյանին: Նոյեմբերի 14-ին Նժդեհը դարանակալել է այն տան մոտ, որտեղ հյուրընկալվել էր Արմեն Եփրեմյանը: Ժամը 14-ն անց 30-ինՆժդեհը նկատել է, որ Արմենը կանգնած է տան դիմաց: Նա մեքենան հանգիստ վարելով՝ մոտեցել է Արմենին, մեքենան կանգնեցրել է, նշան է բռնել, կրակել վերջինիս թիկունքին՝ սրտի շրջանում, ու սպանել է: Դրանից հետո Նժդեհ Ենոքյանը մեքենան արագ վարելով՝ դուրս է եկել գյուղից, որոշ ժամանակ անց նա կատարվածի մասին տեղյակ է պահել Հայաստան եկած Ցոլակ Ենոքյանին: Վերջինս ահազանգել է ոստիկանություն: Ոստիկանները Նժդեհ և Ցոլակ Ենոքյաններին բերման են ենթարկել: Նժդեհ Ենոքյանը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ցոլակ Ենոքյանն էլ իրեն մեղավոր է ճանաչել 239 հոդվածով:Նրանք դատարանում հրաժարվել են ցուցմունքներ տալուց: Տուժողի իրավահաջորդը դատարանում պահանջել է, որ ՀՀ օրենքով ու մարդկային խղճի սահմաններում կայացվի դատավճիռը: Նա նյութական պահանջ չի ներկայացրել: Ասել է, թե իրենց ուժերով են կատարել սպանվածի հուղարկավորությունը, ուրիշի օգնությունը չեն ցանկանում, այն իրենց պետք չէ: Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Նժդեհ Ենոքյանը վատառողջ է, բնութագրվում է դրական: Որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել հանցանք կատարելու ռեցիդիվը. 2013 թվականի օգոստոսի 28-ի դատավճռով Նժդեհ Ենոքյանն այլ հանցագործության համար դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել ու սահմանվել 2 տարի փորձաշրջան: Արմեն Եփրեմյանին դիտավորյալ սպանելու համար դատարանը մեղավոր է ճանաչել Նժդեհ Ենոքյանին ու դատապարտել 9 տարի ազատազրկման: Դրան մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատիժը, ու վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի 6 ամիս ազատազրկումը: Ցոլակ Ենոքյանը մեղավոր է ճանաչվել «Զենքի մասին» ՀՀ օրենքը խախտելով՝ այլ անձանց կողմից իր հրացանն օգտագործելու պայմաններ ստեղծելու համար, ինչը ծանր հետևանքներ է առաջացրել: Նա դատապարտվել 150 հազար դրամ տուգանքի:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.