Ի՞նչ է եղել Վազգեն Սարգսյանի սեյֆում

Վերջին շրջանում ոմանք հիշել են վարչապետ Վազգեն Սարգսյանի չհրկիզվող պահարանի պարունակությունը: Շատ կոնկրետ՝ տարածում են, իբրեւ այն, ինչ եղել է Վազգենի սեյֆում, հայտնի է մի մարդու, որն այսօր էլ բարձր պաշտոն ունի: Պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր, իրենց խելքով, «կոմպրոմատ» են գտել. բանն այն է, որ շրջանառության մեջ դրված եւ անապացույց «գաղտնի տեղեկությունը» պարզապես սուտ է, որովհետեւ ստույգ է, որ իրենց ակնարկած մարդը գտնվել է բոլորովին այլ վայրում եւ այլ հանձնարարությամբ, որ պատվով է կատարել:
Նախ ասեմ, որ ապատեղեկատվությունը խիստ ապաշնորհ են կազմել, անգամ հարկ չհամարելով ճշտել, որ Վազգեն Սարգսյանը 2 չհրկիզվող պահարան է ունեցել. մեկը՝ կառավարությունում, վարչապետի աշխատասենյակում, մյուսը՝ կառավարական ամառանոցում, որտեղ բնակվում էր: Կարծեմ, բոլորն են հասկանում, որ Վազգեն Սարգսյանի իրերի մեջ հույժ կարեւոր փաստաթղթեր կլինեին: Եվ այնուհետեւ էլ ինչպես նախաքննության, այնպես էլ պետական գաղտնիքի շրջանակներում գաղտնի է պահվել տեղեկությունը, թե ինչ է եղել Վազգեն Սարգսյանի չհրկիզվող պահարանում:
Բնականաբար, այդ տեղեկությունները երբեւէ կհրապարակվեն, երբ դրանք այլեւս վտանգ չեն ներկայացնի մեր պետականության համար եւ նախաքննական գաղտնիք էլ չեն լինի, որովհետեւ գործը բացահայտված կլինի: Բայց որոշ նրբություններ կարող ենք նշել՝ հենց շահարկումների ճանապարհը փակելու նկատառումով:
Վարչապետի չհրկիզվող պահարանում գտնվել են հիմնականում փաստաթղթեր. բացվել է քննիչների ներկայությամբ, եւ կասկածի տեղիք տվող հանգամանք իրականում չկա: Չհաշված մի «բայց», որը հրապարակման ենթակա չէ այս պահին, սակայն զրպարտության հերթական արտանետման դեպքում խոստանում ենք լույս սփռել նաեւ այդ «բայց»-ի վրա: