Պերմյակովը և՛ խմում էր, և՛ անկարգություններ թույլ տալիս. ինչ են պատմում քաղաքի բնակիչները
«Комсомольская Правда» թերթը զրուցել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ծնողների հետ և մանրամասներ ներկայացրել Վ. Պերմյակովի անցյալից: Բալեյ քաղաքը, որտեղ ապրել է Վ. Պերմյակովը, անվանում են «հանքագործների թաղամաս»: Այնտեղ առաջին անգամ գտնվող մարդուն նույնիսկ կարող է թվալ, որ այն մահացող քաղաք է: Լրատվամիջոցը նշում է, որ ծնողները հոգնել էին հարցազրույցներ տալուց, սակայն հերթական զրույցից չհրաժարվեցին և որդու մասին պատմել համաձայնվեցին: Մանկությունը… – Ի՞նչ ասել մանկության մասին: Վալերին ոչնչով չի տարբերվել մյուս տղաներից: Սովորել է ինչպես բոլորը` երեքներով, չորսերով: Միշտ հարգանքով է մոտեցել մեծերին և երբեք չի հրաժարվել իր օգնությունը ցուցաբերել: - Նա ընկերներ ունե՞ր: – Իհարկե, ուներ: Այնպիսի տեղացի տղաներ, ինչպիսիք նա է: Նրանցից շատերը հիմա նույնպես ծառայության մեջ են: - Շատերի մոտ այն տեսակետն է, որ նա հանցագործությունը կատարել է թմրադեղերի ազդեցության տակ: – Ինչպե՞ս ես կարող եմ պատասխանել այդ հարցին: Ես այնտեղ չեմ եղել: Երբ նա բանակ էր գնում, նույնիսկ ծխախոտ չէր օգտագործում: Իսկ խմիչքի հետ կապված, կարող եմ ասել, որ մենք երբեք նրան խմած վիճակում չենք տեսել: Մենք աղանդավոր չենք, մենք ուղղակի հավատում ենք Աստծուն: – Մենք ավետարանական հավատքի հետևորդ ենք, մենք քրիստոնյաներ ենք: Մեզ բոլորը հարգում են և աղանդավոր չեն համարում, – խոսակցությանը միացավ Վ. Պերմյակովի մայրը` Մարիա Կուզմինիչնան: - Իսկ Վալերին հավատացյա՞լ էր: – Եկեղեցի հազվադեպ է գնացել, բայց բոլոր պատվիրանները գիտեր: - Վալերին 9-ամյա կրթություն է ստացել, իսկ մինչ զորակաչովելը, ինչո՞վ էր զբաղվում: – Աշխատում էր, սպասում էր զորակոչման տարիքին: Նացանկանում էր գնալ բանակ և մնալ որպես պայմանագրային զինծառայող: Մենք հաճախ ենք հեռախոսով զրուցել, և նա երբեք չի դժգոհել: Կարծում եմ, որ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց այլ երկիր ծառայության չեն ուղարկում: Չենք հավատում, որ մեր տղան կարող էր նման արարք անել, հույս ունենք արդար հետաքննության: Լրագրողը զրուցել է նաև քաղաքի բնակիչների հետ, ովքեր ճանաչում են Պերմյակովի ընտանիքին: Նրանց խոսքով, Պերմյակովը և՛ խմում էր, և՛ անկարգություններ թույլ տալիս: Նրանք նշել են, որ այնպիսի մարդկանց, ինչպիսին Պերմյակովն է, առհասարակ չպետք է բանակ ուղարկել: