«Ջահել տղա է կպցրել, հաճույք է ստացել…». 2 երեխաների հայր 29-ամյա զինվորականը սիրուհու հետ կապը մղձավանջի է վերածել

Fotor1123203425
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ալեքսան Սահակյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ:
Շիրակի մարզի 29-ամյա բնակիչ, ամուսնացած, երկու մանկահասակ երեխաների հայր Ալեքսանը զինծառայող է եղել՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Սահակյանը, Գրետա Զաքյանի (անուն-ազգանունը փոխված է) հետ գտնվել է մտերիմ, ինտիմ հարաբերությունների մեջ, չարաշահել է նրա վստահությունը և 2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2013 թվականի հուլիսի սկիզբը նրանից հափշտակել է 2 միլիոն 900 հազար դրամ:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 8-ն անց 50-ի սահմաններում Ալեքսանը Գրետայի նկատմամբ բռնություն է գործադրել, նրա կամքին հակառակ նստեցրել է տաքսի, տեղափոխել է դեպի մոտակա զորավանը:
Զորավանի հսկիչ-անցագրային կետի մոտ Գրետան մեքենայից «դուրս է պրծել» և օգնություն է կանչել:
Կնոջը մոտեցել են հերթապահող զինծառայողները և քաղաքացիական անձինք: Ալեքսանը հեռացել է զորավանի հարակից տարածք, որտեղ կատարել է անդամախեղում՝ ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ է արել, ինչը հանգեցրել է զինծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ալեքսան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, մարդու առևանգման ու զինծառայությունից ժամանակավոր խուսափելու նպատակով կատարած անդամախեղման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 131 հոդվածի 1-ին և 363 հոդվածի 1-ին մասերով:
Բացի դրանից, Ալեքսանը մեղադրվել է նաև առանց հարգելի պատճառների մի քանի անգամ կարճ ժամանակով զինծառայության վայր չներկայանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361հոդվածի 4-րդ մասով:
Ալեքսան Սահակյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն այս վերջին հոդվածով: Մնացած մեղադրանքների մասով իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե Գրետայի հետ ծանոթացել է համացանցի միջոցով, մտերմացել են, ինտիմ կապի մեջ են մտել:
2013 թվականի նոյեմբերին Գրետան ցանկացել է իրեն անակնկալ մատուցել՝ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկում ոսկի է գրավադրել ու վերցրել է 60 հազար դրամ:
Իրենք տաքսիով գնացել են Վանաձորի «Ռոյալ» հյուրանոց, որտեղ ժամանցի ծախսերը հոգացել է Գրետան:
Հանդիպումներն ու զվարճանքը շարունակվել են, այցելել են տարբեր հյուրանոցներ, որտեղ ծախսերը հոգացել է Գրետան:
Նա ոսկե զարդեր է գրավադրել նաև «Զարգացման հայկական բանկում», ստացել է 470 հազար դրամ, որը ծախսել են ժամանցի համար:
Իրենք տուն են վարձել Վանաձորում: Գրետայի սկեսուրը տեղյակ է եղել իրենց հանդիպումների մասին:
Ինքը գնել է «Մերսեդես» ավտոմեքենա, որի գումարի մի մասը տվել է իր հայրը՝ բանկից վարկ վերցնելով: Գումարի մնացած մասը պիտի ինքը վճարեր մաս-մաս, մեքենան պիտի օգտագործեին իր ու Գրետայի կարիքների համար:
2013 թվականի նոյեմբերի 14-ին Գրետան «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով իրեն նամակ է ուղարկել ու խնդրել է, որ հանդիպեն: Հաջորդ օրը ինքը առավոտյան տաքսի է նստել և ուղևորվել Գրետայի գյուղ:
Դպրոցի մոտ հանդիպել է Գրետային, գրկախառնվել են, ինքը նրան թևանցուկ է արել, հանգիստ գնացել են տաքսու կողմը:
Շարժվել են դեպի զորավան: Հսկիչ-անցագրային կետի մոտ Գրետան բարձր ձայնով պահանջել է, որ իրենք գնան իրենց վարձած տուն՝ Վանաձոր:
Նա դուրս է եկել մեքենայից, գոռգոռացել, օգնություն է կանչել: Ինքը շատ շփոթված է եղել, հեռացել է, ինքնավնասում է կատարել…
Մի քանի անգամ ծառայության վայր չի ներկայացել իր վատառողջության, կնոջ հիվանդության պատճառով:
Դատարանը Ալեքսան Սահակյանի դատաքննական ցուցմունքների մեծ մասն անարժանահավատ է գնահատել:
Տուժող Գրետան հայտնել է, թե Ալեքսանն իրեն ներկայացել է որպես Երևանի բնակիչ, ասել է, թե իր կինն ու տղան արտասահմանում են:
Գրետան չի ժխտել, որ հաճախ հանդիպել է Ալեքսանի հետ:
Ըստ Գրետայի՝ մի անգամ Ալեքսանն ասել է, թե իր աշխատավարձի քարտը բանկոմատը «կուլ է տվել», ինքը ոչ ոք չունի, որ փող խնդրի: Նոյեմբերի սկզբին ինքն աշխատավարձ է ստացել, 40 հազար դրամ տվել է Ալեքսանին՝ վերադարձնելու պայմանով:
Հետո Ալեքսանն էլի գումարներ է խնդրել: Ինքը բանկերում գրավադրել է ոսկե զարդեր, գումարներ է տվել նրան:
Ալեքսանն ասել է, թե մայիսին ծնողներն իրեն գումար են ուղարկելու, ինքը կվերադարձնի ամբողջ պարտքը:
Այդ ընթացքում իրենց հարաբերություններն ավելի են ջերմացել: Ալեքսանն ասել է, թե ցանկանում է իր համար մեքենա գնել: Ասել է, թե հայրը մեկ միլիոն դրամի չափով գումար է ուղարկել, մնացած գումարն ինքն է վճարելու մաս-մաս: Հետո էլ ասել է, թե ծնողներն այլևս գումար չեն ուղարկում, ինքը չի կարողանում վճարել մեքենայի գումարը:
Ըստ Գրետայի՝ ինքն իր հորից ու եղբորից գումար է խնդրել: Նրանք ուղարկել են ընդհանուրը՝ 69 հազար ՌԴ ռուբլի: Ինքն այդ գումարները տվել է Ալեքսանին: Վերջինս խոստացել է մեքենան վաճառել ու պարտքը վերադարձնել կամ մեքենան տալ իրեն:
Հետո Ալեքսանն ասել է, թե կնոջից բաժանվել է:
Ըստ Գրետայի՝ ինքը Ալեքսանին տվել է ոսկե զարդեր, գումարներ, նույնիսկ իր ամուսնուց գումար է վերցրել ու տվել Ալեքսանին:
Ամուսինը, ի վերջո իմանալով, որ Ալեքսանը ոսկե զարդերը վերցրել է, դիմել է ոստիկանություն: Ալեքսանն իրեն ու ամուսնուն խոստացել է գումարները վերադարձնել: Իրենք հետ են վերցրել բողոքը: Հետո իմացել են, որ Ալեքսանն ուրիշներին էլ է խաբել:
Նոյեմբերի 15-ին Ալեքսանը եկել է իր աշխատավայր, իրեն ստիպողաբար նստեցրել է տաքսի, գնացել են զորավանի ուղղությամբ:
Ինքը դուրս է վազել մեքենայից, օգնություն է կանչել: Հետո զանգել է ամուսնուն և ոստիկանություն:
Գրետան ասել է՝ քանի որ ամբաստանյալն իրեն պատճառել է ընդհանուրը՝ 2 միլիոն 900 հազար դրամի նյութական վնաս, նրանից պահանջում է հենց այդ գումարը:
Գրետայի ամուսինը, ում հետ նա ամուսնացել էր դեռ 1999 թվականին, հայտնել է, թե տեղյակ է եղել, որ կինը 2012 թվականին մտերմացել է Ալեքսան Սահակյանի հետ, նրան գումարներ է տվել, հանդիպել է…
Ընդհանուր իրավասության դատարանը Ալեքսան Սահակյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտել է 2 տարի 9 ամիս ազատազրկման: Ալեքսան Սահակյանը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում, դատավճռի հրապարակման պահին:
Հօգուտ տուժող ճանաչված Գրետայի՝ Ալեքսանից կբռնագանձվի 2 միլիոն 900 հազար դրամ՝ որպես պատճառած նյութական վնասի հատուցում…
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Ալեքսանի շահերի պաշտպանը:
Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բողոքը՝ պաշտպանը նշեց, որ Ալեքսանը չի կատարել իրեն մեղսագրված երկու արարքները՝ բռնության գործադրմամբ Գրետային չի առևանգել ու խարդախությամբ նրա գումարները չի հափշտակել:
Առևանգում ասվածի օրը Գրետան իր կամքով Ալեքսանի հետ նստել է տաքսի, նրանց միջև պարզապես վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է տաքսուց իջնելուց հետո՝ զորավանի մուտքի մոտ:
Ալեքսանը Գրետայի գումարները չի հափշտակել, նրա նկատմամբ խարդախություն չի կատարել՝ պնդեց պաշտպանը:
Ալեքսանի ու Գրետայի հարաբերությունները եղել են վստահության վրա հիմնված նեղ անձնական հարաբերություններ: Գրետայի, ինչպես նաև Ալեքսանի, մինչև անգամ Ալեքսանի ծնողների գումարները ծախսվել են այդ երկուսի կողմից հաճելի ժամանակ անցկացնելու վրա:
Ըստ պաշտպանի՝ դատարանը միգուցե հաշվի է առել, որ Գրետան կին է, նրա ասածներն արժանահավատ է համարել, բայց Գրետան հիմա «քաղցրանուշ» ապրում է իր ամուսնու հետ, իսկ «էս տղեն»՝ Ալեքսանը, պատիժ է կրում, «դեռ հարց է՝ ով ում է խաբել… Ջահել տղա է կպցրել, հաճույք է ստացել ամեն առումով…»:
Պաշտպանն ասաց, որ Ալեքսանն իրեն մեղավոր է ճանաչում մնացած արարքների համար: Նա խնդրեց առևանգման ու խարդախության մեղադրանքներում արդարացնել իր պաշտպանյալին՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մնացած արարքների համար մեղմ պատիժ նշանակել:
Պաշտպանը հիշեցրեց, որ սիրուհու հետ զվարճանքների տրված զինծառայողի խնամքին են երկու անչափահաս երեխաները, կինը, հիվանդ ծնողները:
Ալեքսան Սահակյանը միացավ իր պաշտպանի բերած բողոքին:
Նա նշեց, որ դատավճռում ամրագրված չափով գումար չի վերցրել:
Գրետան 60 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, երկու երեխա ունի, ամուսինը չէր աշխատում, որտեղի՞ց պիտի այդքան գումար տար:
Ալեքսանն ասաց, թե իր աշխատավարձն էլ, իր ծնողների տված գումարներն էլ է ծախսել Գրետայի հետ հաճույքներ ստանալու վրա, տուն են վարձել, հանդիպել են շաբաթը չորս-հինգ անգամ: Ոսկիները գրավ են դրել, իրար հետ զվարճացել են, իրար հետ են ծախսել, հետո ինքը հատուցել է…
Գրետան Ալեքսանից մեծ է 12 տարով…
«Ամուսինը գիտեր մեր հանդիպումների մասին…»,- ասաց Ալեքսանը:
Ըստ Ալեքսանի՝ զորավանի մոտ Գրետան գոռգոռացել, աղմուկ է բարձրացրել՝ պարտադրելով իր հետ ամուսնանալ…
Նախագահողը հարցրեց՝ նա աղմկում էր, դո՞ւ ինչու փախար անտառ, քեզ ինչո՞ւ վնասեցիր:
Ալեքսանը պատասխանեց. «Շփոթված էի… Գրետան գոռում, ճվճվում էր, ծառայակիցներս հավաքվում էին…»:
Ալեքսանն իր բացակայությունները զինծառայությունից բացատրեց Գրետայի հետ լինելու հանգամանքով՝ «միշտ ուշացնում էր, չէր թողնում, որ ժամանակին գնամ ծառայության, ասում էր՝ մի գնա…»:
Մեղադրող դատախազն առարկեց բերված բողոքի դեմ, նշեց, որ պաշտպանական կողմը խեղաթյուրում է գործի հանգամանքները:
Գրետան ամբաստանյալի կողմից առևանգվել է, այսինքն՝ նրա նկատմամբ Ալեքսանը բռնություն է գործադրել, «թևանցուկ արած՝ մտցրել է մեքենա»:
Մեղադրողն ասաց, թե Ալեքսանը Գրետայի կամքին հակառակ նրան իր տուն էր տանում՝ զինավան, որ նա հանդիպի իր ծնողների հետ, վերջիններս համոզեն, որ բողոքը հետ վերցնի, հաշտվի՝ այդ ժամանակ նա արդեն բողոք էր ներկայացրել Ալեքսանի դեմ՝ իր գումարները հափշտակելու վերաբերյալ:
Դատարանի հարցին՝ առևանգելով ո՞նց պիտի Ալեքսանը հաշտվեր Գրետայի հետ, մեղադրողը պատասխանեց՝ պիտի տուն տաներ ու տանը համոզեր ծնողների օգնությամբ:
«Եթե ամեն բան նորմալ էր, ինչո՞ւ ինքնավնասում կատարեց»,- իր հերթին տարակուսեց մեղադրողը և հիշեց, որ Ալեքսանը նախկինում էլ հանցավոր արարք է կատարել, նրա նկատմամբ համաներում է կիրառվել:
Մեղադրողը նշեց, որ առևանգման մեղադրանքը հաստատվում է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, որովհետև Գրետայի մարմնին բռնության հետքեր են եղել…
Դատարանը շարունակում էր հարց հնչեցնել՝ մեղադրողի դիրքորոշումը ճշտելու համար. եթե ամբաստանյալի և տուժողի հարաբերություններն այնքան ջերմ են եղել, այնքան հաճույքներ են ստացել միասին, որ տուժողը մոտ երեք միլիոն դրամ է տվել Ալեքսանին, էլ ի՞նչ անհրաժեշտություն ուներ Գրետային առևանգելու:

Մեղադրողն էլ իր կարծիքը պնդեց, թե Ալեքսանը Գրետայի նկատմամբ բռնություն է գործադրել, նրան առևանգել է, որ… հաշտվի…
Խարդախությունն էլ արտահայտվել է նրանում, որ Ալեքսանը Գրետային խաբել է, ասել է, օրինակ, թե քարտը բանկոմատը «կուլ է տվել», բայց իրականում «կուլ չէր տվել»…
Դատարանը հարցրեց՝ ամբաստանյալի և տուժողի՝ ջերմ հարաբերությունների վրա հիմնված քաղաքացիաիրավական հարաբերությունները ե՞րբ վերաճեցին խարդախության:
Մեղադրողը սկսեց նյարդայնանալ ու կարճ կարծիք հայտնեց՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական է ու հիմնավոր, այն բեկանելու, փոփոխելու հիմքեր չկան:
Վերաքննիչ քրեական դատարանը այս գործով որոշում կկայացնի հաջորդ դատական նիստին:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.