Հայկազի սպանության մեջ մեղադրվողը ռազմական ինստիտուտի պետի տեղակալի որդին է. ՊՆ


Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության բոլոր մեղավորները արժանի պատիժ են ստանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Գեղամ Հարությունյանի խոսքով՝ կատարվածը հանգամանորեն է քննվելու եւ համապատասխան մարդիկ քրեական, վարչական եւ կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու: «Ամբողջ ինստիտուտի ղեկավարության, դասախոսական եւ սպայական կազմի վրա է ընկնում նաեւ բարոյականության պատասխանատվության բեռը: Սա հասկանալի է բոլորին: Հիմա կապված ինստիտուտի հետ՝ ուրիշ դեպքերում մենք բողոքում ենք, որ պաշտոնյաների երեխաները չեն ընտրում զինվորական դառնալու մասնագիտությունը եւ առհասարական կուրսանտ դիմելու սոցիալական կազմն ուսումնասիրելով՝ այն չէ, ինչ դուք եք ասում: Իհարկե, գործում կա պետի տեղակալի որդի, սա ոչ ոք չի հերքում: Բայց այս ինստիտուտը անգործ չէ, տալիս է սահմանը պաշտպանող զինվորականներ, հենց օրինակ՝ Զորիկ Գեւորգյանը, Հայկ Խալաթյանը»,- ասաց Գեղամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.