«Հայկական ժամանակ».Պերմայկովի ձերբակալության նոր վարկած
«Ըստ պաշտոնական վարկածի, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին գնդակահարած, 102-րդ ռուսական ռազմաբազայի ծառայող ՝Վալերի Պերմյակովը սպանությունը կատարելուց հետո՝ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս, ռուս սահմանապահների կողմից՝ Երազգավորս–Բայանդուր գյուղերի մոտ:
Սահմանապահները, իբր, նախազգուշական կրակոց են արձակել Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնական վարկածից տարբերվող վկայություններ էին տվել ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու նրան տարել է այդտեղից: Մասնավորապես, երազգավորսցիներից մեկը «Շանթ» հեռուստաընկերությանը ասել էր. «Շուխուրն ընկավ, որ մեր մոտ բռնել են, ելանք գնացինք էդտեղ, 40 րոպե ինքը էդտեղ պառկած էր, ու ոչ մեկը չմոտեցավ, ես էնտեղ եմ եղել հենց սկզբից: Հետո վիլիս եկավ, նստեցրին ու տարան, ու վսյո»:
Ներկայումս, սակայն, գյուղացիները կտրականապես հրաժարվում են խոսել այդ թեմայով: Անգամ այն անձնավորությունը, ով հայտարարել էր Պերմյակովին տեսնելու մասին, երեկ ոչ մի բառ չխոսեց ու չմանրամասնեց ինչ է տեսել: Միայն հատուկ խնդրեց՝ իր անունը չհրապարակել: Թե Երազգավորսում, թե Բայանդուրում իրենց տեսածն ու լսածը չեն ցանկանում հրապարակայնացնել ասելով, որ ոչ մի բանից տեղյակ չեն: Իրար մեջ խոսում են, սակայն, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինչպես պատմել են առաջին օրերին. Պերմյակովը եղել է փշալարերից այսկողմ, դաշտում պառկած, որից հետո նրան է մոտեցել մի զինվորական մեքենա ու տարել:
Ոչ բայանդուրցիները, ոչ էլ երազգավորսցիները երեկ այդպես էլ չմանրամասնեցին ինչպե՞ս են տեսել Պերմյակովին, ո՞ր ժամին ու ի՞նչ մեքենա է նրան տարել որ կողմ: Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ մի բան էլ չկա ասելու, չեմ ասի ոչ մի բան: Իմ կամ քու խնդիրդ չէ, Ռուսաստանի ու Հայաստանի խնդիրն է: Հեչ բան էլ չկա ասելու, անցել-գնացելէ»»,–գրում է թերթը։