Պերմյակովի դատավճիռն արդեն հայտնի է

Ռուսաստանի «Լայֆնյուզ» պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրիի սպանդի համար կասկածվող ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը Ռուսաստանում ծառայության ընթացքում, մինչեւ Գյումրի գալը, մեկ ամիս բուժվել է հոգեբուժարանում, հետո պարբերաբար ստուգում անցել հոգեկան առողջության համար, սակայն զորամասի ղեկավարությունը մոռացել է այդ մասին հայտնել, նրան ներառելով Գյումրիի ռազմակայան տեղափոխվողների ցանկ: Տեղեկություն է հրապարակվել, թե քննիչները քրեական գործ են հարուցել զորամասի ղեկավարի, նաեւ Պերմյակովին զորակոչած զինկոմի նկատմամբ: Ընդ որում, հոգեբուժարանի վերաբերյալ այդ տեղեկություններն արդեն շրջանառվում են նաեւ ռուսական առաջատար համապետական լրատվամիջոցներում: Կատարվում է փաստացի այն, ինչի մասին կանխատեսում էին Հայաստանում ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր կարծիք էին հայտնել Գյումրիի սպանդից հետո, որ ռուսական կողմը կանի ամեն ինչ Պերմյակովին հոգեկան անհավասարակշռություն, անմեղսունակություն վերագրելու եւ կատարված սպանդը հենց այդ երեւույթների վրա «դուրս գրելու» համար: Հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության սահմանապահներն ու իրավապահները, Հայաստանի օրենսդրությունը խախտելով, տեր կանգնեցին ռուս զինծառայողին, նրան մինչեւ վերջ «տեր» կանգնելու ռուսական կողմի հաստատակամությունը Հայաստանի քաղաքացիների համար դարձավ ակնհայտ: Այնպես որ, այն, ինչ այսօր հրապարակվում է ռուսական մամուլում, անկասկած հանդիսանում է Հայաստանի օրենսդրության խախտմամբ Պերմյակովին ռուսական ռազմակայանում պատսպարելու որոշման շարունակությունը: Պետք է նկատել նաեւ, որ Ռուսաստանը կարծես թե հակված էր այլ շարունակության եւ դրա համար գործի էր դրել թե ռուսական, թե Հայաստանի իր ագենտուրայի քարոզչական պոտենցիալը, բարձրացնելով Պերմյակովի այպես ասած «արեւմտյան հետքի» թեման, հենվելով այն իրողության վրա, որ նրա հայրը Ռուսաստանում աղանդներից մեկի հոգեւոր հովիվներից է: Այդ վարկածը շրջանառվեց անգամ Ռուսաստանի քարոզչական «ռեմբոյի»՝ Դմիտրի Կիսելյովի հաղորդման եթերում: Բայց, ըստ երեւույթին մոտ երեք շաբաթ տեւած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի իրավապահները կտրեցին այդ վարկածը քիչ թե շատ հիմնավորող որեւէ ապացույց մոգոնելու հույսը եւ այժմ գործի է դրվել «մտագարության», «հոգեկան հիվանդության» վարկածը: Ռուսաստանը հայտարարել է, որ Պերմյակովի դատավարությունն ընթանալու է Հայաստանում ռուսական ռազմակայանի տարածքում, կայազորային դատարանում եւ իրականացվելու է ռուսական օրենսդրության համաձայն: Ռուսական օրենսդրությամբ գործընթացին կգումարվի նաեւ ռուսական «վարկածը» հոգեկանության մասին, եւ Պերմյակովը ռազմակայան-հոգեբուժարան տրանզիտով կհայտնվի տանը, կամ առնվազն հայրենիքում: Բացառել պետք չէ, որ ժամանակի ընթացքում ինչ որ բան կարող է փոխվել, ելնելով նպատակահարմարությունից: Հնարավոր է ամեն ինչ, քանի դեռ Հայաստանի իրավապահներն այդ գործում ունեն մեկ իրավասություն եւ պարտականություն՝ օգնել ռուս գործընկերներին Պերմյակովի «գժի թուղթը» պատրաստելու գործում եւ ձերբակալել ու պատժել Պերմյակովի պատասխանատվության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրությունից բխող որեւէ հարցադրում բարձրացնող գյումրեցիներին:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.