«Մամ, էլ չեմ գալու»… սպանված զինծառայող Հայկազի խոսքերը՝ վերջին անգամ տանից դուրս գալուց (տեսանյութ)
«Այդ երկու օրը սիրտս այնքա՜ն տագնապով էր, ես չեմ մտածել Հայկազի մասին, մտածում էի՝ ապահով է, քանի հոգի զինծառայողներ կան: Երեկոյան ժամը 5-ին տուն մտա, արևոտ եղանակ էր, մտա բակ ու վախ զգացի, սկսեցի դողալ, տուն մտա, էլի դողում եմ, գնացի հողամաս, էլի դողում եմ, անձրևի հոտ առա: Գիշերը 4:10-ին արթնացա, անտանելի մրսում էի, զգացի ինչ-որ բան, երևի հենց այդ ժամանակ էլ իմ բալեն…»,- 168.am-ի հետ զրույցում իր զգացողությունների մասին պատմեց հունվարի 29-ի վաղ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում պտտաձողին կախված վիճակում հայտնաբերված, ինստիտուտի առաջին կուրսեցի, 19-ամյա Հայկազ Արկադիի Բարսեղյանի մայրը՝ Արմինե Միքայելյանը: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երևանում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանք կալանավորված են: Հայկազի մայրը մեզ պատմեց, որ հունվարի 29-ի առավոտյան զանգել են իր ամուսնուն՝ Արկադի Բարսեղյանին, ու կանչել ինստիտուտ: Այդ ընթացքում Հայկազի մայրը շատ անհանգիստ վիճակում մի քանի անգամ զանգահարել է ամուսնուն՝ որևէ տեղեկություն իմանալու համար, սակայն ամուսինը հստակ ոչինչ չի ասել, միայն տեղեկացրել է, որ շուտով հարազատները կգնան իրենց տուն: «Չգիտեմ՝ ինչո՞ւ լաց եմ լինում, ու զանգել եմ մամայիս, ասում եմ՝ մամ, մենք Հայկո չունենք էլ, Հայկոս չկա: Բայց դեռ ինձ չէին ասել, ուղղակի սիրտս վկայում էր: Մամաս ասում է՝ ի՞նչ գիտես, ո՞վ է ասել, ասում եմ՝ ոչ մեկը չի ասել, զգում եմ, ասում է՝ սխալ ես զգում… Հետո իմացանք, որ սխալ չէի զգում, մոր սիրտը սխալ չի վկայում»,- պատմում է տիկին Արմինեն: Սպանված զինծառայողի մայրն անընդհատ շեշտում էր, որ եթե որդին սահմանում թուրքի գնդակից զոհված լիներ, իր վիրավորանքը, ցավն այսքան մեծ չէր լինի. «Էլի ցավ կլիներ, բայց կասեի՝ իմ բալեն զոհվել է հայրենիքի համար, հերոսի մահով է մահացել, բայց ոչ թե տականքների ձեռքով է մահացել»: Նա պատմում է, որ մեկ օր առաջ աղոթել է Աստծուն՝ խնդրելով, որ գոնե Հայոց բանակի օրը սահմանում զոհեր չունենանք. «Առավոտյան հեռուստացույցը միացրեցինք՝ զոհ չէր եղել: Ասի՝ փառքդ շատ, Տեր: Չորեքշաբթի գիշերն էլ զոհ չունեինք, էլի նույնը ասացի: Բայց մի երկու-երեք ժամ հետո իմացա, որ իմ բալան է մահացել: Ասում եմ՝ թուրքն այդ երկու օրը մեր տոնը հարգել է, մեր հայը չի հարգել, դա է վիրավորականը: Դա ամբողջ ազգի համար խայտառակություն է»: Տիկին Արմինեի խոսքով՝ վերջին անգամ, երբ Հայկազը տնից գնացել է զորամաս, ասել է՝ «Մամ, էլ չեմ գալու»: Հայկազն ընդհանրապես չէր սիրում շատ զանգել տուն կամ արձակման թերթիկ վերցնել՝ տուն գալու համար: Սպանված զինծառայողի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, մեզ պատմեց, որ գործը քննող քննիչը տեղեկացրել է իրենց, որ քննությունը գնում է, և արդար վճիռը կայանալու է: «Պետության համար էլ է լավ, որ վերջապես այդ խստությունը լինի: Իրենց բարեկամներին թող արտոնություններ չտան: Այդ գնդապետի տղային սերժանտ են տված եղել, որը ոչինչ չի իմացել իր պարտականություններից: Հայկազին էլ են տվել սերժանտի կոչում, բայց ինքը հրաժարվել է, որ դասերից հետ չընկնի»,- պատմում է Ա. Բարսեղյանը: Նա մանրամասնեց, որ այդ օրը զինծառայողները Բանակի օրվա կապակցությամբ միջոցառման են գնացել, հետո վերադարձել են ճաշարան, որտեղ լեզվակռիվ է տեղի ունեցել Հայկազի և այդ տղաների միջև, իսկ այդ նույն գիշերը տեղի է ունեցել դեպքը. «Ընկերները տեսել են, բայց վախեցել են խոսել: Պատկերացրեք՝ այդ 4 հոգին ի՞նչ աստիճան են այդ երեխաներին վախեցրել, որ այդ սենյակի երեխաներից ոչ մեկը չի ասել՝ ի՞նչ եք անում, կծկվել են ու ձայն չեն հանել: Դա եղել է ժամը 3:30-ից հետո, որովհետև ժամը 3:30 հերթապահը մտել-ստուգել է, ու ինքը ասում է՝ այդ պահին Հայկազը քնած է եղել: Դե, նրանք իմացել են՝ հերթապահը երբ կգա ու կգնա, ու հերթապահի գնալուց հետո արել են իրենց գործը»: Նա նշեց, որ ոչ մի տեղեկություն չունի մեղադրյալ տղաների մասին: Միայն գիտի, որ նրանցից մեկի հայրը նույն ինստիտուտում գնդապետ է եղել: Ա. Բարսեղյանը պատմում է, որ իրենց տղան շատ քչախոս է եղել, երբեք ոչինչ չի պատմել, թեև իրենք համոզված են եղել, որ ինքը գոհ է իր ծառայությունից, քանի որ երբեք դեմքին տխրություն չեն տեսել. «Չեմ կարծում՝ այդ տղաների հետ նախկինում խնդիրներ է ունեցել: Ինձ էլ որ չասեր, ընկերներին կասեր: Ես խոսել եմ ընկերների հետ, նրանք ասում են, որ նման խնդիր երբեք չի եղել»: Ծնողները պատմում են, որ Հայկազը սովորել է գերազանց: 15 տարեկանում ինքնուրույն հետաքրքրվել ու հեշտությամբ ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտել է: 8 ամիս ծառայել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, այնուհետև ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Դեռ փոքր տարիքից Հայկազը երազում էր զինվորական դառնալու մասին: «3 տարեկանում ասում էր՝ մամ, ես քայլում եմ, դու ինձ ասա՝ մեկ-երկու, աջ-ձախ»,- պատմում է Հայկազի մայրը: Խոսելով ինստիտուտի աշխատակիցների աշխատանքից ազատման մասին՝ Ա. Բարսեղյանն ասաց, որ չգիտի՝ արդյոք դա հարցի ճիշտ լուծո՞ւմ է, թե՞ ոչ. «Իրենք գուցե ճիշտ են գտնում՝ աշխատանքից ազատելով, բայց ես՝ որպես ծնող, ճիշտ չեմ համարում, որ բոլորին ազատեն աշխատանքից: Այդ օրվա հերթապահ անձնակազմին կարելի է ազատել աշխատանքից, բայց ո՛չ բոլորին»: Տիկին Արմինեն էլ նշեց, որ թեև ինքն ինստիտուտի ամբողջ սպայական կազմին է մեղադրում իր տղայի սպանության համար, բայց ինքն էլ է գտնում, որ սխալ է բոլորին ազատելը. «Մեր նման մղկտում էին, մեր ցավն ու դժբախտությունն է, իրենց՝ խայտառակությունը»: Հայկազի հայրը նաև նշեց, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջարկել է դառնալ Հայկազի իրավահաջորդը և անվճար պաշտպանել նրա շահերը դատարանում: Հայկազի ծնողներն ուզում են, որ մեղադրյալներին ցմահ դատապարտեն, որ դա դաս լինի բոլորի համար, որ նման դեպքերն էլ չկրկնվեն: «Հասկանում եմ՝ այդ երեխաների ծնողներն էլ են ծնող, ես կորցրեցի իմ երեխային, իրենք էլ իրենց երեխային են կորցնում, ես սգում եմ իմ էրեխու մահը, նա խայտառակ ձևով է սգում իրա երեխու էլի մահը, համարում եմ՝ նրանց երեխան էլ է մահացած, ուղղակի խայտառակ ձևով է մահացել: Ես այդ ցմահը կուզեմ, որ այդ մեր փոքր բալիկները հանգիստ լինեն, նաև, որ այդ տականքները հասկանան: Եթե հիմա ինքն իր ընկերոջն է կյանքից զրկում, վաղը-մյուս օրը, երբ հրամանատար դարձավ, իր ենթակա զինվորին ի՞նչ է անելու: Իմ երեխան՝ 8-ամյա Տիգրանն էլ է ասել՝ մամ, որ ես բանակ գնամ, ինձ էլ Հայկոյի նման կսպանեն: Այ, այդ փոքր երեխաներին պետք է հասկացնենք, որ այդ տականքները պատժվելու են ու ցմահ են պատժվելու: Մինչև կյանքի վերջ նրանք բանտում պետք է տանջվեն: Ու ես գիտեմ, թե նրանք ոնց են տանջվելու»,- ասում է Հայկազի մայրը: Նշենք, որ Բարսեղյաններն ունեն 3 որդի, որոնցից ավագը Հայկազն էր: Նրանք ապրում են Արարատի մարզի Նիզամի գյուղում: