Երևանի Piramida ակումբում Արամ Կարապետյանը նպաստել է հայ աղջիկների՝ պարսիկ տղաների հետ պոռնկությանը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ նախօրեին շարունակվեց Արամ Կարապետյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Արամ Կարապետյանը Սայաթ-Նովայի 20 հասցեում վարձակալած տարածքում, որպես «Արագ Քոմփանի» ՍՊԸ-ի փաստացի տնօրեն, 2013 թվականի հունվարից ղեկավարել է զվարճանքի վայր հանդիսացող «Պիրամիդա» գիշերային ակ ումբի գործունեությունը: Նպատակադրվելով ստանալ առավել նյութական օգուտներ՝ Արամ Կարապետյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի հունվարին նախնական համաձայնության է եկել ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Իրանի քաղաքացիներ Մահդիի ու Թահերեի հետ, ու փետրվարի 1-ից նրանք միասին են կազմակերպել ակումբի գործունեությունը: Հայ մարմնավաճառուհիների ծառայություններով «հետաքրքրված» իրանցիների համար գիշերային ակումբ այցելելը հրապուրիչ դարձնելու, ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, պոռնկությամբ զբաղվող կանանց մուտքը ակումբ դարձրել են անվճար, ակումբի բարից օգտվելու դեպքում մարմնավաճառուհիների համար կիրառվել են զեղչեր: Ակումբում իրանցի հաճախորդների հետ մարմնավաճառուհիների շփումներն ու ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով արգելվել է հայ տղամարդկանց մուտքը ակումբ: Մշտապես գիշերային ակումբում ապահովվել է պոռնկությամբ զբաղվելու պատրաստ 20-25 մարմնավաճառուհիների ներկայությունը: Ծանոթանալով ու պայմանավորվելով իրանցի հաճախորդների հետ՝ մարմնավաճառուհիները 25-30 հազար դրամով այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ ծառայություններ: Ըստ այդմ՝ Արամ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Կարապետյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Դատարանը հարցաքննեց դատակոչված վկաներից մի քանիսին: Առաջին երկու վկաները իրանցի երիտասարդներ էին: Առաջին վկան ասաց, թե ամբաստանյալի տեղում նստած Արամին տեսել է «Պիրամիդա» գիշերային ակումբում: Իր ընկեր Արադը այդ ակումբում մուտքի տոմս վաճառող էր: «Պիրամիդայի» մուտքի տոմսը 5 հազար դրամ արժեր: Բոլոր օտարերկրացիները, ըստ վկայի, ակումբ մտնելիս վճարում էին այդ գումարը: Ինքը՝ որպես Արադի ընկեր, հիմնականում մուտքի վճար չի տվել, անվճար է մտել ակումբ: Վկան ասաց, թե «Պիրամիդայում», ճիշտ նմանատիպ այլ ակումբների նման, պարում-երգում էին: Տարբեր հագուկապով մարդիկ էին լինում ակումբում: Վկան նշեց, որ «Պիրամիդայում», ինչպես երևանյան նմանատիպ ակումբներում, մարմնավաճառուհիներ են եղել: Ինքն իմացել է՝ ովքեր են ակումբ այցելող մարմնավաճառուհիները, բայց նրանց ծառայություններից չի օգտվել: Մշտապես ակումբ այցելող երկու-երեք մարմնավաճառուհու է արտաքուստ ճանաչել վկան՝ ըստ իր խոսքի: Վկայի իմանալով՝ ակումբի բարում ոչ ոքի համար զեղչեր չեն արվել: Այն հարցին, թե ինչո՞ւ էր «Պիրամիդա» ակումբում արգելվում հայ տղամարդկանց մուտքը, վկան պատասխանեց, որ հաճախ նման հաստատություններում կռիվներ են լինում հայ տղամարդկանց ու պարսիկների միջև: Կռիվներից խուսափելու համար է, որ հայ տղամարդկանց մուտքը «Պիրամիդա» ցանկալի չի եղել՝ իր կարծիքով: Վկան ասաց, թե ակումբում առանձնասենյակներ չեն եղել: Եվ այնտեղ ինքը, այնուամենայնիվ, հայերի տեսել է, այնպես չէր, որ ոչ մի հայ տղամարդ այնտեղ չի մտել: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել էր, թե ակումբի ներսում մոտ 20 և ավելի մարմնավաճառուհիներ էին լինում, ովքեր սպասում էին, թե երբ են պարսիկ հաճախորդներն իրենց կանչելու: Վկան նշել է, թե ինքը հաճախ է նկատել, որ հայ մարմնավաճառուհիները, պայմանավորվելով իրանցի հաճախորդների հետ, ակումբից դուրս են եկել միասին: Թե ուր էին տանում հաճախորդներին այդ մարմնավաճառուհիները, ընդհանրապես՝ ինչ նպատակով էին դուրս գալիս միասին, վկան չի իմացել: Նախաքննական ցուցմունքում վկան նշել է նաև, թե «Պիրամիդան» շատ վատ ակումբի համարում ուներ: Եթե իր ընկեր Արադն այնտեղ չաշխատեր, ինքն այնտեղ չէր գնա: «Պիրամիդան» իրանցիների շրջանում համարվել է հայ մարմնավաճառուհի «վերցնելու» տեղ: Ամբաստանյալ Արամ Կարապետյանը, որ պարսկերեն լավ գիտեր, ուղղում մտցրեց թարգմանչի թարգմանության մեջ, պահանջեց, որ վկայի ասածները բառացի թարգմանվեն: Վկան հրապարակված ցուցմունքի վերաբերյալ տրված հարցին պատասխանելով՝ ասել է, թե «բոլոր ակումբների նման՝ «Պիրամիդայից» էլ էին մարմնավաճառուհի «վերցնում»: Ամբաստանյալը անընդհատ շեշտում էր, որ վկան ասում է, թե մարմնավաճառուհիների ներկայության հարցում «Պիրամիդան» ոչնչով չի տարբերվել երևանյան մյուս գիշերային ակումբներից: Վկան ասաց, թե ուսանողների շրջանում «Պիրամիդան» լավ անուն չուներ: Ամենավատը չէր՝ ամբաստանյալի միջամտությունից հետո հստակեցրեց վկան, բայց վատ իմաստով նույնն էր, ինչ մյուս համանման ակումբները: Վկան նախաքննական ցուցմունքում նշել էր, թե Արադը չէր ցանկանում, որ հայ տղամարդիկ մտնեն ակումբ: Հիմնականում, երբ հայ տղամարդիկ ուզում էին ակումբ մտնել, Արադն ասում էր, թե ներսում տեղ չկա: Առավել համառներին էլ ասում էր, թե մուտքը վճարովի է, քանի որ ըստ վկայի՝ հայ տղամարդիկ չեն սիրում մուտքի համար վճարել: Վկան նշել է, որ պատահել է՝ ինչ-որ հայ տղա ու հայ աղջիկ վիճել են Արադի հետ, պնդել են, որ ներս մտնեն: Այդ դեպքում երկուսն էլ վճարել են հինգ հազարական դրամ: Վկան հայտնել է, թե ինքը տեսել է, որ մարմնավաճառուհիները ակումբ են մտնում առանց մուտքի վճարի: Այս ցուցմունքի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ վկան ասաց, թե ակումբ այցելող «խանումների» մի մասը վճարում էր մուտքի համար, մի մասը չէր վճարում: Ինքը մարմնավաճառներին տարբերել է նրանց հագուկապից: Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, թե հասկանալի է՝ ակումբն ինչու մարմնավաճառուհիներից մուտքի վճար չի վերցրել. ակումբին ձեռնտու է եղել մարմնավաճառուհիների ներկայությունը, որովհետև իրանցիներն այդ ակումբ էին գնում մարմնավաճառուհիներ վերցնելու համար: Դատարանում վկան փորձեց խուսանավել այս հանգամանքի վերաբերյալ հարցին պատասխանելուց, բայց ի վերջո ասաց, թե ակումբին ձեռնտու էր մարմնավաճառուհիների ներկայությունը, դրա համար նրանցից մուտքի գումար չէր գանձվում: Վկան ասել է, թե Արամ Կարապետյանը ակումբում ուներ առանձին սենյակ: Դա մի փոքրիկ սենյակ էր տոմսարկղի մոտ: Այդ սենյակում համակարգչի սեղան կար, երկու-երեք աթոռ: Մահճակալ այդ սենյակում չկար: Երկրորդ վկան նույնպես իրանցի երիտասարդ էր: Նա ամբաստանյալ Արամ Կարապետյանին ճանաչեց, ասաց, որ նրա տունը ինքը վարձակալել է: «Պիրամիդա» ակումբ գնացել է մենակ, միայն՝ զվարճանալու համար, իսկ «էդ բանից» ՝ մարմնավաճառուհիների ծառայություններից, ինքը չի օգտվել: Սկզբում մուտքի համար ինքն էլ է վճարել, հետո, երբ իրեն ճանաչել են, էլ չի վճարել: Վկան ասաց, թե ակումբում տեղի ունեցող շատ բան ինքը չի նկատել: «Փակե՞լ եք ձեր աչքերը» հարցից հետո վկան ասաց, թե տեսել է իրանցիներին հայ աղջիկների հետ: Վերջիններից ոմանք պարսկերեն կարողանում էին բացատրվել, որոշ իրանցիներ էլ հայերեն էին կարողանում խոսել: Վկան ասաց, թե շաբաթական երկու-երեք անգամ եղել է «Պիրամիդա» ակումբում, որովհետև դա «պարսկական դիսկո» էր, բայց ինքն ուրիշ տեղեր էլ է գնացել: «Պիրամիդայում» գտնվող որոշ մարմնավաճառների դեմքով ճանաչել է: Երրորդ վկան հենց հնագույն արհեստի տեր երիտասարդ կին էր՝ Նելլին: Վերջինս ասաց, թե ամբաստանյալ Արամ Կարապետյանին ճանաչում է, չնայած «անձնապես» ոչ մի կապ չունի նրա հետ: Նրան տեսել է «Պիրամիդա» ակումբում, բայց շատ չի հաճախել, որ շատ էլ տեսած լինի: Այն հարցին, թե ինչո՞ւ էր վկան այցելում «Պիրամիդա» ակումբ, վկան դժգոհ ձայնով պատասխանեց. «Չբարձրաձայնեմ՝ ինչի համար եմ գնացել»: Հարց տրվեց. «Իսկ քննիչի մոտ ինչո՞ւ եք բարձրաձայնել»: Նելլին ավելի վրդովվեց ու հատու ասաց. «Դա նախատելու բան չէ»: Վկան ասաց, թե քննիչն ասել է, որ փակ դատ է լինելու, կողմնակի մարդիկ ներկա չեն լինի: «Էսքան մարդն ինչի՞ համար է, կարող ե՞ք ասել»,- նախագահողին նախատելու տոնով դիմեց վկան՝ նկատի ունենալով դահլիճում նստածներին: Նախագահողը բացատրեց, որ վկայի միջնորդությամբ նրա հարցաքննությունը կարող է դռնփակ պայմաններում անցկացվել, վրդովվելու պատճառ չկա: Վկան համաձայնեց: Նրա հարցաքննությունը շարունակվեց դռնփակ նիստում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.