Խանջյանի «Wave» ակումբում աղջիկներն իրար «բշտել», «քրֆել», մազեր են քաշել, ծեծել ու արյուն են բերել
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Սուսաննա Թ.-ի գործի դատական քննությունը:
30-ամյա Սուսաննան մեղադրվում է այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում «Վեյվ» կարաոկե ակումբում կատարել է խուլիգանություն՝ իր գործողությունները զուգորդելով ակումբի մենեջեր Սոնա Փ.-ի և ակումբի հաճախորդ Անժելա Տ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ:
Սուսաննային մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը:
Տուժողն ու ամբաստանյալը մինչև դեպքը միմյանց չեն ճանաչել:
2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը նրանք տարբեր ընկերախմբերով այցելել են Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Վեյվ» կարաոկե ակումբ՝ զվարճանալու:
Վիճաբանությունը սկսվել է պարահրապարակում. նեղլիկ սրահում պարող Սուսաննան դիպել է Անժելային: Վերջինս դիտողություն է արել: Սուսաննան ներողություն է խնդրել:
Բայց Անժելային հաջորդ անգամ դիպել է Սուսաննայի հետ պարող երիտասարդը:
Ըստ Անժելայի՝ դա սովորական, անմեղ դիպչել չէր: Նա շրջվել ու բարկացած՝ իր հերթին հրել է Երվանդին պաշտպանող Սուսաննային:
Երկու աղջիկները միայն փոխադարձ հրմշտոցով չեն հանգստացել:
Անժելայի ասելով՝ Սուսաննան մոտեցել է նրանց սեղանին ու հարվածել է: Հարվածը դիպել է կարաոկե ակումբի մենեջեր Սոնային, ով վիճաբանությունը դադարեցնելու համար էր մոտեցել:
Սուսաննայի հարվածից մենեջեր Սոնան վայր է ընկել:
Ակումբի անվտանգության աշխատողը Սուսաննայի խմբին դուրս է հանել պարասրահից:
Միջանցքում շարունակվել է վիճաբանությունը: Ամբողջ ընթացքում սրահում չի դադարել բարձր երաժշտությունը…
Անժելան ցանկացել է իր խմբով դուրս գալ ակումբից ու տուն գնալ:
Երբ մտել է նախասրահ, տեսել է, որ Սուսաննայի խմբի տղաներից մեկի քթից արյուն է գալիս:
Սուսաննան, տեսնելով Անժելային, մատով նրան ցույց է տվել ու ասել՝ դո՞ւ էիր էս ամենի պատճառը:
Ըստ Անժելայի՝ այդ հարցը տալուց հետո Սուսաննան հարվածել է իր շրթունքին ու սեռական հայհոյանք է տվել իր մոր հասցեին:
Ինքը ձեռքերով պահել է Սուսաննային, երևի հրել է, որ նա իրեն չհարվածի: Հնարավոր է, որ Սուսաննան այդ ժամանակ «սոթ տված ու ընկած լինի», ինքը նրա մազերից չի քաշել, չի հարվածել:
Անժելան ընդունում է, որ Սուսաննայի հայհոյանքից հետո նույնպես հայհոյել է, այսինքն՝ ասել է. «Ինչ ասում ես՝ մորդ կպնի»:
Ըստ Անժելայի՝ Սուսաննայի հարվածից իր շրթունքը վնասվել է, արյուն է եկել:
Քիչ անց եկել են ոստիկանության աշխատողները ու կռվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:
Անժելան ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել, ասել է, թե բողոք չունի:
Դատարանը հարցաքննեց Սուսաննայի շահերի պաշտպանի միջնորդությամբ դատարան հրավիրված չորս վկաներին:
Նրանցից մեկը Անժելայի ընկերախմբից էր, երեքը՝ Սուսաննայի:
Անժելայի ընկերուհու մորաքրոջ որդի, անչափահաս՝ հիմա 17-ամյա Կառլենը հայտնեց, թե գնացել էին կարաոկե, որ ուրախանան: Պարելու ժամանակ երկու աղջիկ Անժելային անընդհատ «բշտել են»: Անժելան սկզբում բանի տեղ չի դրել, հետո «բրթել է» այդ «բշտող» աղջկան: Վերջինս էլ «ֆռացել է» ու հարվածել է աղմուկի վրա մոտեցած մենեջեր Սոնային: Նախասրահում «բշտող» աղջիկը խփել է Անժելային ու վնասել է նրա «պռոշը»:
Վկան ասաց, որ «բշտող» աղջիկները պարահրապարակում պարել ու Անժելայի գլխի վերևը ինչ-որ «անվայել բաներ են արել»:
Նեղլիկ պարահրապարակում պարողները շատ են եղել:
Ըստ այս վկայի՝ ամբողջ իրարանցումը տևել է մոտ կես ժամ:
Սուսաննայի ընկերախմբից Անահիտը հայտնեց, որ դեպքի օրն իրենք ծնունդ են նշել «Կակադու» ռեստորանում: Դուրս են եկել այնտեղից, բարձր տրամադրությամբ քայլել են Խանջյան փողոցով:
Իրենց գրավել են կարաոկե ակումբի լույսերը, որոշել են մի քիչ էլ կարաոկեում ուրախանալ:
Անահիտն ասաց, որ այդ ակումբում պարահրապարակը շատ փոքր է, իրեն էլ են կպել պարելիս՝ մի տղա խփել է իր գլխին, ներողություն է խնդրել, ինքը աղմուկ չի բարձրացրել: Նա նշեց, որ ամբողջ միջադեպը եղել է միայն Սուսաննայի ու Անժելայի միջև, ուրիշ մարդիկ չեն խառնվել, ինքը մենեջեր Սոնայի մոտենալը, Սուսաննայի կողմից նրան հարվածելը չի տեսել:
Միջադեպը եղել է Անժելայի բորբոքված տոնի պատճառով. «Անժելան շատ բարկացած էր, չգիտեմ՝ ինչ ձևով էր տրամադրված… լեզվակռիվ սկսվեց, բայց խուճապ չի եղել…»:
Հետո «ախրաննիկը» մոտեցել է, «սիրուն ձևի» իրենց ասել է՝ դուրս եկեք, իրենք նորմալ դուրս են եկել:
Նախասրահում վկան տեսել է, որ Անժելան հրել է Սուսաննային, Սուսաննան ընկել է: Ինքը փորձել է օգնել նրան, բայց Անժելայի խմբից մեկը խփել է իր ձեռքին: Ինքը, այնուամենայնիվ, օգնել է Սուսաննային, բայց տեսել է, որ իրենց ընկերախմբի Ավետիսի քթին խփել են, արյուն է գալիս, արյան տեսքից ինքն ուշաթափվել է:
Մինչև ուշաթափվելը լսել է, որ նախասրահում հեռախոսով խոսող հաճախորդը կռվողներին ասել է. «Ամոթ ա, աղջիկ եք, վերջ տվեք»:
Նախաքննության ժամանակ ինքն ասել է՝ խուճապ էր՝ նկատի ունենալով իրենց, ոչ թե հաճախորդներին: Վերջիններիս հանգիստը չի խանգարվել, անգամ դիտողություն արած հաճախորդը դիտողությունն արել ու գնացել է ուրախությունը շարունակելու:
Ըստ Անահիտի՝ ամբողջ իրարանցումը տևել է մոտ տասը րոպե:
Մյուս երկու վկաները սիրիահայեր էին՝ Ավետիսն ու Երվանդը:
Սուսաննայի երեխայի քավորը այս երիտասարդների հարազատն է:
Իրարանցման ժամանակ նախասրահում ինչ-որ տղա հարվածել ու վնասել էր Ավետիսի քիթը: Այդ հարվածողը բացահայտված չէ, գործից մաս է անջատված, քննությունը շարունակվում է:
Ավետիսը դատարանում ասաց, թե իրենք պատերազմից տուժած մարդիկ են, հայրենիքում առաջին անգամ մտել էին կարաոկե, որ ուրախանան:
Ավետիսը համոզմունք հայտնեց, որ Սուսաննան ու Երվանդը Անժելային դիպել են պատահաբար: Նրանք ներողություն են խնդրել, բայց Անժելան չի «ունդունել» ներողությունը, կոպիտ ձևով ասել է. «Դու ո՞վ ես, որ ներողություն խնդրես»:
Ավետիսն ասաց, թե Երվանդը «էնքան որ դաստիարակված տղա ա, մտքովը անգամ չի անցկացնի» վատ բան: Կարող ա՝ կպել ա, տեղը շատ նեղ էր, բայց ուզելով չի կպել: Լեզվակռիվ է եղել, անհամաձայնություն՝ երկու աղջիկների միջև:
Վկան ասաց, թե իրենք տղաներով չեն խառնվել, իրենց համար ամոթ կլիներ աղջիկների կռվին խառնվելը կամ աղջկա վրա ձեռք բարձրացնելը:
Երվանդն ասաց, թե պատահաբար է դիպել Անժելային. «Նեղ էր, նորմալ էր, որ իրար կպնեն… Ամոթ բան էր, որ ես աղջիկների հետ գնացել էի, ուրիշ աղջիկների հետ խոսայի, մեզ համար ամոթ էր…
Մեր դաստիարակությունը թույլ չի տալիս: Բայց նեղ տեղում մարդը մարդուն կպնելը նորմալ ա…»:
Վիճել են, որովհետև Անժելան կոպիտ ձևով չի «ունդունել» իրենց ներողությունը: Մարդը կոպիտ խոսում ա, դու էլ ես կոպիտ խոսում… Էդպես՝ լեզվակռիվ է եղել…
Նախասրահում Երվանդը լսել է, որ կողքից իրենց պարսիկների տեղ են դրել, ասել են՝ պարսիկներ են, պարսիկներ են…
Նախասրահում հայհոյել են միայն Անժելան ու Սուսաննան:
Վերջինիս հայհոյանքը միայն Անժելային էր ուղղված:
Ըստ Երվանդի՝ ակումբի հաճախորդները կռվին չեն միջամտել, իրենց տեղերից վեր չեն կացել, մի հաճախորդ միայն ասել է՝ ամոթ ա:
Դատարանը բերման որոշում կայացրեց ակումբի մենեջերի վերաբերյալ, ով համառորեն չի ստանում դատարանի ուղարկած ծանուցագրերը և դատարան չի ներկայանում:
Այդ վկայի հարցաքննությունից հետո ցուցմունք կտա ամբաստանյալ Սուսաննան: