Շտապ!!! Զարհուրելի դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Երեխային բռնաբարել են և նետել մազութի հորը, որտեղ նա մահացել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Առաջին վճռիռը եղել է «Արտաշես Դավթյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որը ներկայացրել էր իրավաբան Արա Ղազարյանը: Հաջորդ վճիռն ընդունվել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հայաստանի» գործով: Հելսինկյան կոմիտեի բողոքը ներկայացրել է փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Կոմիտեն բողոքարկել էր դեռևս 2008 թվականին խաղաղ երթ անցկացնելու իրենց խնդրանքի` Երևանի քաղաքապետարանի կողմից մերժումը: ՄԻԵԴ-ն իր վճռով ճանաչել է, որ խախտվել են Եվրակոնվենցիայի 11 և 13 հոդվածները` խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը: Եվ երրորդ գանգատը ՄԻԵԴ ներկայացրել էր փաստաբան Սեդա Սաֆարյանը «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: Այս գործով, որպես փոխահատուցում, սահմանվել է, ընդհանուր առմամբ, 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո և Արեւիկ Նալբանդյանին 25 հազար եվրո: Նշենք, որ այս գործից անցել է շուրջ 10 տարի: Այն մեծ աղմուկ հանած մի սպանության գործ էր, որը ժամանակին պաշտպանում էր փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործը Եվրադատարան ներկայացնելիս ինքը հասկանում էր, որ ներկայացնում է հայաստանյան ներպետական ատյաններում ամենաանարդար գործերից մեկը, որտեղ շատ ակնառու էին խախտումները. մեղադրյալ, երկրորդ կարգի հաշմանդամ Բագրատ Նալբանդյանին տարել էին բաժին, երկար պահել, ծեծել և պարտադրել ընդունել 6-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանությունը, որին 10 օր շարունակ փնտրել էին, 10-րդ օրը միայն գտել մազութի հորում, որը նախապես մի քանի անգամ ստուգվել էր և ոչինչ չէր հայտնաբերվել: «Այս քրեական գործի շրջանակներում Նալբանդյանին ակտիվ խոշտանգել էին, հետո կնոջն էին տարել, որը պայքարում էր ամուսնու ազատության համար, հետո նրանց աղջկան ձերբակալեցին, ու այդպես շարունակ արհեստական շարժառիթներ ներկայացվեցին, և գործը սարքվեց»,- ասաց տիկին Սաֆարյանը՝ հավելելով, որ այս գործի շրջանակներում ինքը, որպես փաստաբան, չի կարողացել պաշտպանություն իրականացնել, քանի որ դատական նիստերին ներկայանում էին մեծաքանակ վարդենիսցիներ` խմած վիճակով, և արգելում էին պաշտպանություն իրականացնել: «Այն դատավճիռը, որը կայացվեց, հեռու էր արդարացի կոչվելուց: Ես անգամ չկարողացա պաշտպանական ճառ ասել: Վճռաբեկ դատարանն էլ համարեց, որ ես նրանց փաստաբանը չեմ և չեմ կարող բողոք ներկայացնել, ինչը ես ևս բողոքարկեցի Եվրադատարանում: Ես հանգամանալից շարադրել էի խախտումները եւ ուրախ եմ, որ իմ տեսակետը համընկել է Եվրադատարանի դատավորների կարծիքի հետ»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով` Եվրադատարանն ընդդեմ Հայաստանի նման վճիռները կկայացնի այնքան ժամանակ, քանի դեռ մեր ներպետական ատյանները կայացնում են նման` արդարադատությունից հեռու որոշումներ՝ առանց մտածելու դրանց հետևանքների և թողած ազդեցության մասին: Իր այս գործը ևս դրա մասին է փաստում: «Ես, իհարկե, ցավում եմ այն իմաստով, որ այս որոշումը վերաբերում է ոչ թե Նալբանդյաններին, այլ գնահատական է տրված ներպետական ատյանների արածներին: Արդարացի լինելու համար` մենք շատ հեռու ենք Եվրադատարանի մատնանշած մոտեցումներից: Անգամ գործով սահմանված փոխհատուցումն է խոսում դատական ատյանների թույլ տված անարդարության չափի մասին»,- ասաց Սաֆարյանը: Նա նշեց, որ Եվրադատարանի այս վճռից հետո ինքն առաջիկայում կսկսի նորից զբաղվել գործով` վճռաբեկ գործ կներկայացնի: Այս գործով Բագրատ Նալբանդյանը ամիսներ առաջ ազատ է արձակվել, իսկ Նարինե Նալբանդյանը դեռ կրում է իր պատիժը: Նշենք նաև, որ վերը նշված երեք գործով ՄԻԵԴ-ի կողմից սահմանված գումարը գերազանցում է 70 հազար եվրոն, որը կողմերին պետք է վճարվի պետական բյուջեից:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.