Անվտանգության աշխատակիցները ծեծել են Սամվել Կարապետյանին, Կարեն Կարապետյանին և այլ պաշտոնյաների նկարող լրագրողներին.
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին պատկանող սրճարանում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Նրանց դուր չեկավ, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը և «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը սրճարանի մերձակա տարածքից նկարում էին նաև իրենց:
Լրագրողներին են մոտեցել հյուրանոցի դիմաց ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները, լրագրողներին ասել, որ դա անձնական տարածք է և չի կարելի նկարահանել այնտեղ գտնվող անձանց։
Լրագրողներն ի պատասխան ասել են, որ այդ անձինք հանրային դեմքեր են, և օրենքով թույլատրված է հանրային տարածքում գտնվող անձանց նկարահանել։ Օրենքին որևէ կերպ հղում չկատարելով՝ անվտանգության երկու աշխատակիցները, որոնց անձնական տվյալները չհաջողվեց ճշտել, կոպիտ մեթոդներով խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, նրանցից մեկը երկու անգամ հարվածել է «Ազատություն» ռադիոյկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին, հայհոյել նրան, մյուս անվտանգության աշխատողը հարվածել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանի ձեռքին և տեսախցիկին՝ պահանջելով չնկարահանել լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակված անվտանգության աշխատակիցների գործողությունները։