36-ամյա հերոս Արտակ Աղեկյան...հրամանատարի մահը (տեսանյութ)

Փոխգնդապետ Արտակ Աղեկյանի անունը կրող դեռևս անհայտ թանգարանը Տաշիր քաղաքի այն տանն է, որտեղ ծնվել է հերոսը: Հարազատները այդպես են հավերժացրել հերոս որդուն՝ հսկայական տան մի սենյակում հավաքելով նրա 20 տարվա զինվորական ծառայության հետ կապված ամեն ինչ. զենքեր, զինվորական հագուստներ, նոթատետրեր…: Այդ տանը, սակայն ոչ ոք չի բնակվում: Որդու մահվանից հետո ծնողները լքել են հարազատ տունը և հայրենի Տաշիրից հեռացել: Փակված տան ու ներսում գտնվող թանգարանի դռները մեր առջև բացում է հարևանությամբ ապրող Արտակ Աղեկյանի հորաքույրը: Մեր այցը խիստ հուզել էր տարեց կնոջը և նա նորից վերապրեց Արտակի մահվան ծանր օրերը: Արցունքները հոսում են, սակայն պատմություններն Արտակի մանկության ու պատանեկության տարիների մասին՝ լուսավոր են: «Ծնված օրվանից գիտենք իրեն՝ համեստ, խելոք երեխա էր, դպրոցում լավ էր սովորում: Շատ խելացի էր, վերին աստիճանի մաքրասեր: Որ գնացել էինք ինստիտուտ, իրեն պետք է գտնեինք, ասեցին կոշիկներից կճանաչեք՝ փայլացնում ա, չափից դուրս մաքրասերա…ու որ տեսան կոշիկները փայլացրած, ասին՝ էս ա, Աղեկյանի կոշիկներն են»: Միջնակարգն ավարտել է Տաշիրում ու հիմա Տաշիրի թիվ 2 դպրոցն անվանել են Արտակ Աղեկյանի անունով: Ուզում էր ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց ինչ որ մարդիկ համոզել են զինվորական դառնալ: «Սիրեց զինվորական գործն ու բանակը, որ էդպես նվիրվեց, նվիրված էր վերին աստիճանի, իր ամեն ինչով, հուշագրերում գրված է, իր հետ ծառայող զինվորները, սպաները պատմում էին…» Արտակ Աղեկյանը ՀՀ Զինված ուժերում ծառայում էր 1996թ-ից՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո՝ նախ ծառայության է նշանակվել Վանաձորում, ապա՝ ԼՂՀ Մատաղիսի զորամասում: Այս տարի լրանալու էր նրա զինվորական ծառայության պայմանագրի ավարտման ժամկետը՝ 20 տարին, սակայն նրա հերոսական կենսագրությունն ավելի վաղ ընդհատվեց: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մեկ տարի առաջ՝ 2015թ. փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել էլ ներթափանցել զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են նույն զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ, Արտակ Սեդրակի Աղեկյանը և ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Մահվան օրը Արտակի հերթապահության օրը չէր, իր կամքով էր գնացել դիրքեր՝ անձամբ իրավիճակը հսկելու: Վերադառնալիս 3 շարքային զինծառայողի և վարրորդի հետ էր: Ճանապարհը վատն էր՝ հրամանատարն էր նստել ղեկին: Անսպասելի կրակոցներ են հնչել, մեքենայի ապակին պայթյունից փշրվել է ու հասկացել են, որ թշնամին է: Կողմնորոշվելը վայրկյանների հարց էր, զենքը ձեռքի տակ չէր, բեռնակցիկում էր, միակ փրկությունը զինվորների հետ մեքենայից դուրս նետվելն էր, ողջ մնացած երեք զինվորներից մեկն է դեպքի մանրամասները պատմել հարազատներին: Առաջին հարվածը ստացել էր հրամանատարի կողքին նստած զինվորը՝ Հայկ Բարոյանը: Հրամանատարը տեսնելով, որ հնարավոր չէ պաշտպանվել՝ 3 զինվորներին դուրս է բերել մեքենայից՝ հրահանգելով փախչել դեպի անտառ, սակայն, զինվորը, ում առաջինն էին կրակել, չի կարողացել շարժվել տեղից. նա ձայն է տվել հրամանատարին՝ ես վիրավոր եմ և հրամանատարը վերադարձել է նրա հետևից: Զինվորն արդեն մահացած էր, սպանում են նաև հրամանատարին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պաշտպանության բանակի զինծառայողներ Արտակ Աղեկյանը եւ Հայկ Բարոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ «էդ պահին ինքը հասկացել ա վտանգը, որ ուր ա գնում, ոնց ա գնում ու ես էդ պահը չեմ հասկանում ՝ բա դու՛ ուր էիր գնում, եթե գիտակցում էիր էդ ամենը... Դա ա հերոսությունը, որ իմանալով գնացել ա: Էդպիսի բան ամեն մեկը չէր անի, բայց որ ինքը Արտակն էր, կաներ՝ հաստատ: Ես իրեն լավ ճանաչելով գիտեմ, ինքը ուրիշ բան չէր ընտրի», ամուսնուն ներկայացնում է 33 ամյա Լուսինեն, ով հիմա միայնակ է մեծացնում երեխաներին: 36 ամյա Արտակ Աղեկյանի անցած հերոսական ճանապարհի մասին վկայում են նրա ստացած պարգևները՝ 11 մեդալ զինվորական ծառայության ընթացքում, անվանական ատրճանակ՝ նախագահի կողմից: Մեդալներն Արտակ Աղեկյանին, հիմնականում, շնորհվել են Մատաղիսի զորամասում: 2014-ի լավագույն հրամանատարն էր, լավագույնն էր ճանաչվել նաև իր գումարտակը, ստացավ փոխգնդապետի կոչում: «Ամեն մի մեդալ ստանալը իր համար մեծ բան էր, իր աշխատանքի, իր ծառայության գնահատականն էր, ինքն էլ էր ուրախանում դրանց վրա, միշտ ձգտում էր ավելիին: Մեր ծանոթության առաջին օրվանից ասում էր՝ես կարող եմ փող չունենալ, բայց բարձր դիրք զբաղեցնել իմ ծառայության մեջ, գիտեր, որ հասնելու ա ու անպայման արդար ձևով, իր աշխատանքով: Հերոսական ձևով էդ ամեն ինչին հասավ, հերոսական ձևով էլ ավարտեց»: Լուսինեի և Արտակի ամուսնությունը 9 տարվա պատմություն ունի, բայց ընդամենը 2,5 տարի են համատեղ կյանքով ապրել: «Որ ծանոթացանք արդեն զինվորական էր՝ Վանաձորում, հետո ուղարկեցին Մատաղիս: Հրամանն, իբր, էդպես էր, բոլոր սպաները պետք է պարտադիր 3 տարի ծառայեն սահմանին: 3 տարին մեզ համար դարձավ 7տարի: Օրենք գոյություն ունի, բայց ո՛չ բոլորի համար: Ու էդպես էլ իրեն Մատաղիսից չթողեցին ո՛չ մի կերպ՝ ատամներով բռնած պահում էին: Դե, բնականաբար, ուզում էր գար՝ իր ընտանիքի, երեխաների հետ լիներ: Հեշտ չէր էդքան տարի էնտեղ ծառայելը»: Մինչև երեխաների դպրոցական տարիքը, ընտանիքը 2 տարի միավորվել է Մատաղիսում և այստեղ է Լուսինեն տեսել Արտակի անմնացորդ նվիրվածությունը սահմանին ու զինվորին: «Շատ հրամանատարներ կան, որոնք զինվորին մատների արանքով են նայում, բայց իր համար զինվորի կյանքը թանկ էր: Շատ եմ լսել՝ դիրքերում կանգնում էր զինվոր կողքին, որ ավելի համարձակ լինեն, որ դուխ տա իրենց, որ զինվորն իրեն ուժեղ ու պաշտպանված զգա: Նամակների մեջ, որ ստանում էի զինվորներից, մեկն ինձ գրել էր՝ երկրորդ անգամ կորցրի հորս…,» պատմում է Լուսինեն: «Ես էլ ունեի հպարտության զգացում, բայց իմ ուշքն ու միտքը էն էր, որ ինքը թողնի ու գա, հրաժարվի էդ ամեն ինչից: Էդպես էլ չկարողացա համոզել: Մատաղիսում ծառայությունը բարդ էր, ծանր, ասում էր, պատմում էր դժվարություններից, բայց հաջորդ օրը նորից նույն նվիրվածությամբ ու եռանդով նետվում էր իր ծառայությանը: Ինքը ուժեղ մարդ էր, թույլ մարդը չէր կարող էդպես»: Հեղինակություն էր զորամասում, զինվորների ու ընկերների շրջապատում: Մինչև հիմա էլ խոնարհվում են հիշատակի առջև ու պատվում: «Ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, նախ՝ հերոսաբար գնաց, անցած ուղին էլ էր հերոսական: Ասում էր՝ ես թողեմ դուրս գամ, մյուսը թողնի դուրս գա, բա ո՛վ պետք ա պահի մեր Հայրենիքը: Շատ ցավոտ ա, որ մեզ հետ չի…իմ էրկու լույսերն են ինձ հետ, իրենից միայն լավն եմ հիշում: Ինքը ոնց որ Հայրենիքին, ոնց որ իր զինվորներին էր նվիրված, էնպես էլ՝ ընտանիքին: Ես իր հետ միայն երջանիկ օրեր եմ ունեցել»: Երեխաներն ամեն ինչ գիտեն…գիտեն, որ իրենց հայրիկը հերոս է, գիտեն, որ հերոսները միշտ մեզ հետ են, որ հերոսները երբեք չեն մահանում: Լուսինեն և իր անչափահաս երեխաները ապրում են Երևանում՝ բարեկամների տանը, իրենց բնակարանը չունեն: Ամուսինը բնակարանի հերթագրման ցուցակում էր դեռևս Վանաձորում ծառայության ընթացքում, սակայն մահվանից հետո գլխավոր շտաբում Լուսինեին ասել են՝ նայում ենք, ցուցակներում՝ չկա: «Մենք հերթագրված էինք, ես հաստատ գիտեմ, դեռ Վանաձորում ծառայելուց Արտակն ասում էր, որ հերթի մեջ է: Իսկ մեզ ասեցին՝ չկա: Եթե չկա, օրենքը էս ա, մենք ոչ մի բան չենք կարող անել: Պարզ ա, որ լքված են բոլոր զոհվածների ընտանքիներն էլ»: «Չխոսամ, ցավ է, խոսամ՝ ցավ է: Ցավն իմն է» 12.01.2016 | բանակ «Չխոսամ, ցավ է, խոսամ՝ ցավ է: Ցավն իմն է» Փետրվարի 28-ին զոհված 19-ամյա Հայկ Բարոյանը այն մի քանի տասնյակ զոհված զինծառայողներից է, ով այս տարվա ընթացքում հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայկի լուսանկարը տեղադրված է իր իսկ կողմից վերանորոգված հյուրասենյակի պա Զոհված հրամանատարի տունն այժմ դատարկ է 12.01.2016 | բանակ Զոհված հրամանատարի տունն այժմ դատարկ է 2015թ. փետրվորի 28-ին զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանը կյանքի օրոք պարգեւատրվել էր 11 մեդալով: Հետմահու նա պարգեւատերվեց եւս մեկով՝ « հրամանատարի մահը (տեսանյութ) 12.01.2016 | բանակ հրամանատարի մահը (տեսանյութ) Փոխգնդապետ Արտակ Աղեկյանի անունը կրող դեռևս անհայտ թանգարանը Տաշիր քաղաքի այն տանն է, որտեղ ծնվել է հերոսը: Հարազատները այդպես են հավերժացրել հերոս որդուն՝ հսկայական տան մի սենյակում հավաքելով նրա 20 տարվա զինվորական ծառայության հետ կապված ամեն ինչ. զենքեր, զինվորական հագուստներ
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.