«Դուք ինձ ձանձրացրիք, խելո՛ք եղեք, բիզնեսներս գտնես՝ նվիրում եմ քեզ».(Տեսանյութ)
«Բացարձակ ո՛չ, որ չունեմ առնչություն, ի՞նչ պատասխանեմ»,-այսօր Եռաբլուրում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «օֆշորի գործի» հետ կապված մեր հարցին որեւէ առնչություն ունե՞ք դրա հետ, այսպիսի պատասխան տվեց: Լրագրողների բազմաթիվ հարցերին՝ բա որ առնչություն չունեք, ինչո՞ւ են ձեր անունը հոլովում, «Բենթլիի» ճակատագիրն ի՞նչ եղավ, ի՞նչ արեցիք այն «Բենթլին» եւ այլն՝ սրբազան հայրը պատասխանեց ժպիտով. «Շնորհավորում եմ Բանակի օրի առիթով, ուրիշ ասելիք չունեմ»:Մենք հետաքրքրվեցինք՝ հետեւո՞ւմ եք դատավարությանը: Նա վստահեցրեց, որ՝ ոչ: Մեր դիտարկմանը, որ Ձեր անունն է հոլովվում, ախր Ձեր վարկն է, Ձեր հեղինակությունն է՝ նա արձագանքեց. «Դուք էլ եք հոլովվում»: Հարցին՝ Ձեզ մեղադրում են, չե՞ք ուզում հակադարձել, եթե լռում եք, նշանակում է մեղավոր եք՝ նա պատասխանեց. «Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերվում»: Երբ լրագրողները հարցրեցին՝ իսկ հանրության կարծիքը լուրջ չէ՞ Ձեզ համար՝ Նավասարդ Կճոյանը պատասխանեց. «Դու հանրության ներկայացուցիչ չես»: Ի վերջո, նա ձեռքը օդում թափահարելով ու «ցտեսություն ձեզ» ասելով՝ փորձեց հեռանալ. «Դուք ինձ ձանձրացրիք, խելոք եղեք»: