Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով զոհված զինվորի հարազատներին էր տրամադրվել 4 մլն դրամ, մինչդեռ նրանք պնդում են, թե չեն կարողանում վճարել գերեզմանաքարի՝ 200 հազար դրամ պարտքը
SHAMSHYAN.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել` Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 22-ամյա զինծառայող Արման Հարությունյանի զոհվելուց հետո ինչքան գումար է փոխանցվել զոհվածի ընտանիքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցավալի դեպքից հետո ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարությունը նշված ընտանիքին տրամադրել էր 4 մլն դրամ: Երեկ՝ փետրվարի 15-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր, որ նշված ընտանիքը չի կարողանում վճարել տղայի գերեզմանաքարի համար 200 դրամի պարտքը: Հրապարակումից հետո Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը՝ ղեկավար Կարեն Ավագյանի գլխավորությամբ օգնության ձեռք էր մեկնել զոհված զինվորի ընտանիքին՝ պատրաստակամություն հայտնելով վճարել նշված գումարը: Ի դեպ, տեղեկությունը այն մասին, որ Ա. Հարությունյանի ընտանիքը չի կարողանում վճարել գերեզմանաքարի վճարը, SHAMSHYAN.com-ին էր փոխանցել «ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ-ն: