Մա՛մ ջան, դիրքերում եմ. Սիմոնը զոհվելու նախորդ օրն էր խոսել մոր հետ
Շփման գծում փետրվարի 5-ին զոհված ժամկետային զինծառայող, 20-ամյա Սիմոն Ճավռշյանը փետրվարի 6-ին պետք է իջներ դիրքերից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Փանիկի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սվետլանա Քերոբյանը:«Դեպքից մի օր առաջ մոր հետ խոսել էր, ասել էր` մա՛մ ջան, դիրքերում եմ, վաղն իջնելու եմ դիրքերից, բայց էս տխուր դեպքը պատահեց: Հիմա խեղճ մայրը կիսամեռ վիճակում է»,- նշեց Սվետլանա Քերոբյանը:
Փոխտնօրենը ցավով է նշում, որ Սիմոնի հայրը եւ ավագ եղբայրը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են ոչ թե նրան տեսակցելու, այլ նրա հուղարկավորությանը մասնակցելու համար:Նրա խոսքով՝ եղբայրները երկար ժամանակ իրար չէին տեսել. ավագ եղբայրը ծառայությունն ավարտել էր Սիմոնի` բանակ զորակոչվելուց կարճ ժամանակ անց:«Գիտեք մեր հայերի ճակատագիրը. հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում. վերջին երկու տարիներին դեպորտ էին արել, ընտանիքի սոցիալական վիճակը վատացել էր: Այս տարի աշնանը դեպորտի ժամկետը լրացավ, Սիմոնի մեծ եղբայրն էլ բանակից վերադարձավ, իրար հետ գնացին Ռուսաստան»,- ասաց փոխտնօրենը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շփման գծում փետրվարի 5-ի գիշերը զոհված ժամկետային զինծառայող Սիմոն Ճավռշյանի մարմինը այսօր՝ փետրվարի 6-ին, հանձնել են հարազատներին:Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 7-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող իրենց տանը: Մարմինը հողին կհանձնեն փետրվարի 8-ին:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Սիմոն Ճավռշյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 20-ամյա Սիմոնը գարնանը պետք է զորացվեր: