Գեներալ Նարեկ Աբրահամյան. Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը

Սփյուռքի հայ գեներալներն արձագանքում են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կոչին՝ աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով: «Արևելքի» հետ զրույցում Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն ասաց, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի: Ինքը՝ Նարեկ Աբրահամյանը, սփյուռքից գալով 1998-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, և ինչպես ասաց, դեռ այն ժամանակվանից է քննարկվել նման հարցեր: Ըստ Նարեկ Աբրահամյանի, Սփյուռքում շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ, ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, և ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձևով այդ մարդկանց համախմբելու և հայոց բանակն ուժեղացնելու նաև նրանց գիտելիքների շնորհիվ: «Այդ մարդիկ էլ իրենց հերթին պետք է մտածեն այս դժվարին ժամանակներում ինչ-որ բան անել Հայաստանի համար, կանգնել հայկական բանակի կողքին»,-նշեց Ն. Աբրահամյանը: Մեր զրույցի ընթացքում պաշտոնաթող գեներալն ասաց, որ անձամբ ինքը միշտ աշխատել է Հայաստանի օգտին և պատրաստ է նորից աջակցել Կոմանդոսին՝ այս գաղափարն իրականացնելու համար: Նարեկ Աբրահամյանն այն առաջիններից էր, որ Արցախում զբաղվել է նաև վերաբնակեցման հարցերով՝ անձամբ լինելով վերաբնակեցվող տարածքներում և իրականացնելով այդ ծրագիրը Դիցմայրիում: «Ցավոք սրտի, ղարաբաղյան հարցը միայն պատերազմով է լուծվելու, իսկ պատերազմի համար խելամիտ ուժեր և մարտունակ բանակ է անհրաժեշտ»,-նշեց Նարեկ Աբրահամյանը, ավելացնելով, որ այսօր շատ կարևոր է Հայաստանի բնակչության, զուգահեռաբար նաև բանակի թվաքանակի աճի խնդիրը, որի համար հստակ ռազմավարություն պետք է մշակվի: Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել և վերջնական հաղթանակ ունենալ: «Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,-ասաց Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝ իր հերթին կոչ անելով այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել և գործել:
Մարտունի, 1997 թ.
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.