Զինվորը կիջնի դիրքերից, բայց զորամասում ընկերոջն այլևս չի տեսնի,ընկերոջ զոհվելու լուրը զինվորին չեն հայտնել` խնայում են, սպասում են` դիրքերից իջնի՝ նոր։

Տանկիստ ընկերոջ զոհվելու լուրը զինվորին չեն հայտնել` խնայում են, սպասում են` դիրքերից իջնի՝ նոր։Զինվորին շշուկներ են հասել, թե թեժ մարտերից հետո ընկերը կորել է… Մի տեղ էլ լսել է, թե իբր գնդում ընկերոջը տեսնող է եղել: Զինվորը հավատում է երկրորդ լսածին, հավատում է, որովհետև դիրքում դեռ իրեն հակառակը չեն համոզել։ Զինվորն իմ հարցերին պատասխանում է կարճ, բայց` հստակ, մի ականջով լսում է ինձ, մյուսով էլ՝ հեռվից ձայն տվող հրամանատարին։ Զինվորը 20 տարեկան դեռ չկա, բայց այսօր արդեն ծխախոտի 20 գլանակ է վառել… Զինվորը 5 օր է` չէր ծխել, ժամանակ չկար: Զինվորը ցեխոտ համազգեստից չի ամաչում, ծառայության մեկ տարին ցեխերի ու փոշու մեջ է անցել: Արդեն 10 օր է` դիրքերից չի իջնում, վերջին օրերին «Գրադ»-ի արկերին նույն՝ ցեխոտ համազգեստով է «դիմավորել»: Զինվորն ինձնից իմացավ կրակի դադարեցման մասին: Լուրը լսելիս դեմքի արտահայտությունը չփոխվեց. զինվորը 5 օր է` չի ժպտում, 5 օր է` տանկիստ ընկերոջից լուր չունի։ Նայում եմ զինվորի աչքերին ու լալկվում` ախր տանկիստի զոհվելու մասին լուրը ես եմ գրել: Զինվորն անթարթ նայում է առաջին գծին, հետո՝ հորիզոնին: Զինվորը չի ուզում` իրեն լուսանկարեմ` «հիմա էդ պահը չէ»: Զինվորը չի ուզում իր մասին ինչ-որ բան գրեմ` «հիմա դրա ժամանակը չէ»: Զինվորը մռայլ է, բայց` բարեհամբույր, զինվորը տխուր է, բայց` սիրալիր, զինվորը սառն է, բայց` տաք, իսկ թշնամու հետ մարտում՝ տաքարյուն… «Միայն մեր գնդից 8 զոհ ենք տվել, նրանց մեջ սպաներ կային, կարգին տղերք»,- ասում է զինվորը, նայում աչքերիս ու լռում: Ես նորից լալկվում եմ: Զինվորին եղբորս մասին պատմեցի, դեմքը մտաբերեց` իրար հետ նույն զորամասում են ծառայում։ Եղբորս վերջին մարտերի ժամանակ դիրքեր չեն հանել` երեք ամսվա ծառայող է, իսկ «մալադոյներին» դիրքեր չեն հանում։ Մենք դիրքերից իջանք փոշոտ ու կեղտոտ ճանապարհով, բայց զինվորն ուրիշ ճանապարհով է իջնելու դիրքերից` ավելի ցեխոտ ու ավերված, կարճ, բայց՝ վտանգավոր: Դիրքերից շուտ իջանք, որ ժամանակին տեղ հասնենք, եղբորս չհասցրի տեսել` զորամաս չմտանք: Ոչինչ, դեռ կտեսնեմ` մեկ ուրիշ անգամ, գուցե մի լավ առիթով: Զինվորն էլ դիրքերից կիջնի, բայց զորամասում ընկերոջն էլ չի տեսնի… Երբեք... Թագուհի Մելքոնյան
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.