Առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու ծրագրի նախագիծը (Տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը, որն արդեն վերջնական տեսքի չի բերվել եւ ներկայացվել է կառավարության հաստատմանը: Այս շաբաթ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ծրագրի նախնական տարբերակը էական փոփոխություն չի կրել:Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից տրամադրել են ծրագրի նախագծի նախնական տարբերակը, որտեղ էական փոփոխություններ չեն եղել: Եվ այսպես, Բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային հաշվառման են ենթակա այն ընտանիքները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը չեն օտարել դիմելու օրվան նախորդող 5 տարվա ընթացքում, բնակվում են վթարային բնակարանային ֆոնդում, նկուղներում, ոչ հիմնական շինություններում (տնակներում) և բնակության համար հարմարեցված այլ շինություններում, բնակվում են ժամանակավոր կացարաններում` հյուրանոցներում, հանրակացարաններում, հանգստյան տներում, առողջարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, հիմնարկների վարչական շենքերում և հանրային օգտագործման այլ տարածքներում, բնակվում են հարազատների և (կամ) ազգականների մոտ կամ վարձակալությամբ, ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն բնակարանում կամ բնակելի տանը (այսուհետ` բնակարան) բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի ընդհանուր մակերեսով ապահովվածությունը կազմում է 9 քմ պակաս, բացի ամուսիններից, կան ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք, որոնք բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից: Բնակարանով ապահովման ծրագիրն իրականացվում է լիազոր մարմնի և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարի ժամկետով կնքված պայմանագրի կամ լիազոր մարմնի, բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում համագործակցող կազմակերպության` բանկ, շինարարական կազմակերպություն և այլն և բնակարանի կարիք ունեցող անձի միջև 10-ից մինչև 30 տարի ժամկետով կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա: Ծրագրի շրջանակներում տրամադրվող բնակարանի ընդհանուր մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պետք է կազմի շուրջ 14 քմ, իսկ բնակելի սենյակների թիվը որոշվում է` ելնելով ընտանիքի անդամների թվից` հաշվի առնելով նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 22 շաբաթական հղիությունը. 1) 1-սենյականոց` 2 անձից բաղկացած ընտանիքին, 2) 2-սենյականոց` 3 անձից բաղկացած ընտանիքին, 3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին, 4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին: Բնակարանի կարիք ունեցող անձի կողմից նոր կառուցված/կառուցվող կամ անշարժ գույքի երկրորդային շուկայից ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի սուբսիդավորման ենթածրագիրը իրականացվում է հետևյալ ընթացակարգով. Ենթածրագիր 4-ով նախատեսված պայմաններին համապատասխան հիփոթեքային վարկով բնակարանի կարիք ունեցող ընտանիքը ձեռք է բերում բնակարան: Հիփոթեքային վարկ տրամադրած բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը տրամադրվում է պետական երաշխիք` Պայմանագրով սահմանված ժամկետով: Հիփոթեքային վարկի տոկոսի մի մասը Պայմանագրով սահմանված ժամկետով փոխհատուցվում է բանկին կամ ֆինանսական այլ կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից: Բացի հիփոթեքային վարկի տոկոսի փոխհատուցումից, շահառուի ընտանիքի անդամների եկամտից վճարված եկամտային հարկն ամբողջությամբ կվերադարձվի ընտանիքին: Հ.Գ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 4-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպած «ՀՀ ժողովրդագրկան իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի թեմայով խորհրդարանական լսումներին: Անդրադառնալով, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին՝ նախարարը ընդգծել է կանխավճարի հանգամանքը, որը երիտասարդ ընտանիքների համար հիմնականում դժվարություններ է ստեղծում բնակարան ձեռք բերելու հարցում և շաղկապվում է զբաղվածության հարցի հետ, հատկապես եթե աշխատավարձերը ցածր են: «Ծրագրի հաստատման դեպքում հնարավոր կլինի ցանկացած աշխատավարձով նորաստեղծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու հնարավորություն ստեղծել: Սա կարող ենք իրագործել սոցիալական բնարականային ֆոնդի ձևավորման նոր ռազմավարությամբ»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.