«Բարև Սաքուլիկ» ասելու համար 15-ամյա Արսենը դանակով հարվածել է 14 տարեկան ընկերոջ որովայնին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Ա.-ի գործի դատական քննությունը:

Անչափահաս ամբաստանյալ Արսենը ծնվել է 1999 թվականի մարտի 10-ին: Հանցագործության կատարման ժամանակ՝ 2014 թվականի ապրիլի 13-ին Արսենը 15-ամյա պատանի էր, սովորում էր 9-րդ դասարանում:
Մտավոր առողջության հետ կապված խնդիրների պատճառով, լինելով ի ծնե հաշմանդամ, Արսենը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:
Նա մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Գործով տուժող Սարգիսը նույնպես անչափահաս է, ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 12-ին: Դեպքի պահին եղել է 14 տարեկան: Երևանցի Սարգիսը հանգստյան օրերին հաճախ է այցելել Արմավիրի մարզում բնակվող պապիկին, ճանաչել է պապիկի թաղամասում բնակվող Արսենին:
Ըստ դատական ակտի՝ տղաները հաճախ խաղացել են իրար հետ, եղել են ընկերական հարաբերությունների մեջ:
Դեպքի օրը Սարգիսը եղել է պապիկի տանը: Ժամը 14-ի սահմաններում նա իր ընկեր Արթուրի հետ փողոցում է եղել:
Արսենը իրենց տանը դանակով փայտ է տաշել՝ խաղալիք սարքելու համար: Փայտը տաշել է, ապա որոշել է գնալ պաղպաղակ առնելու: Դանակը ձեռքին էլ դուրս է եկել փողոց՝ ըստ դատական ակտի:
Փողոցում Արսենը հանդիպել է Սարգիսին ու Արթուրին, որոնք խաղում էին իրար հետ:
Վերջիններս բարևել են Արսենին, Արսենն էլ պատասխանել է. «Բարև, Սաքուլիկ»:
Սարգիսը վիրավորվել է, հրել է Արսենին ու ասել. «Քյառթու ես, քեզ քյառթուավարի պահի»: Նա փորձել է նորից հրել Արսենին, բայց Արսենը ձեռքի խոհանոցային դանակով խփել է Սարգիսի որովայնի շրջանին, պատճառել ծանր մարմնական վնասվածք ու դիմել է փախուստի:
Սարգիսին տեղափոխել են հիվանդանոց:
Արսենը դանակը նետել է իրենց բակում, մորը պատմել է, թե ինչ է արել, վախի ազդեցության տակ որոշ ժամանակ շրջել է տարածքում, հետո մոր հետ ինքնակամ ներկայացել է քննչական բաժանմունք:
Արսենն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նա հայտնել է, թե դեպքի օրը տանը դանակով փայտ է տաշել, հետո որոշել է գնալ պաղպաղակ առնելու, դանակը ձեռքին տանից դուրս է եկել, բայց ճանապարհին մոռացել է, թե ուր էր գնում, որոշել է տուն վերադառնալ:
Երբ բարևելու պատճառով Սարգիսը ջղայնացել է, իրեն ասել է՝ հանգիստ խոսի, ու հրել է, ինքը ցանկացել է բռունցքով խփել նրան՝ մոռանալով, որ ձեռքին դանակ կա:
Հարվածը ստացվել է դանակով:
Տուժողի օրինական ներկայացուցիչն ասել է, թե ամբաստանյալից բողոք չունի, եթե նա հիվանդ է, պետք չէ, որ պատիժ կրի, բայց տղային նոր վիրահատություն է սպասվում, ինչի համար պահանջվում է 436 հազար դրամ, լյարդի հետազոտության համար՝ 25 հազար դրամ: Այդ գումարները պահանջում է ամբաստանյալի ծնողներից:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի հարազատները մասամբ հատուցել են տուժողի բուժման ծախսերը:
Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի առողջական վիճակը, այն, որ հանցագործության կատարման հարցում դեր է խաղացել նաև տուժողի հակաօրինական պահվածքը:
Արսեն Ա.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 1 տարի փորձաշրջան:
Արսենի նկատմամբ սահմանվել է նաև նյարդահոգեբույժի հսկողություն:
Ամբաստանյալից հօգուտ տուժողի կբռնագանձվի 450 հազար դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.