Կամոն եղբոր մանկահասակ թոռանը գրկած՝ ձորի պռնկին կանգնած սպառնացել է երեխայի հետ ձորը նետվել

Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ Կամո Ս.-ն իր եղբոր՝ Զարզանդի 1,5 տարեկան թոռնիկին՝ Վիտալիկին գրկել, կանգնել էր ձորի պռնկին ու հայտարարել, թե երեխային կգցի ձորը:
Ամբողջ գյուղը խառնվել էր իրար: Շուտով ժամանել էին ոստիկանները, փրկարարները և շտապօգնության աշխատակիցները:
Կամոն պահանջել է, որ իր մոտ կանչեն եղբորը՝ Զարզանդին: Նա թույլ չի տվել, որ իրեն մոտենան:
Այնուհետև Կամոն պահանջել է, որ իր եղբայր Զարզանդը նետվի ձորն ու մեռնի, միայն այդ ժամանակ ինքը երեխային չի վնասի, հակառակ դեպքում դանակով կվնասի երեխային ու նրա հետ միասին ձորը կընկնի:
Ոստիկանության աշխատակիցները Զարզանդի դեմքին կարմիր ներկ են քսել, նրան ձորի արահետներով իջեցրել են ձորի հատակն ու պառկեցրել: Հետո գոռացել են, թե Զարզանդն իրեն ձորն է գցել ու մահացել:
Աչալուրջ կերպով ձորի հատակը զննող Կամոն չի հավատացել, ասել է, թե ինքը գիտի՝ Զարզանդի դեմքին տոմատ են քսել, տարել են, ձորում պառկեցրել: Բայց քանի որ Զարզանդը թասիբով մարդ չի, հանուն երեխայի ձորը չի նետվել, իսկ ինքը թասիբով է, հետևաբար երեխային անվնաս կտա ծնողներին:
Կամոն մոտ է կանչել համագյուղացիներից մեկին՝ իր մանկության ընկեր Բաղդասարին, երեխային հանձնել է նրան, հետո փորձել է իրեն ձորը նետել, բայց ոստիկանները կանխել են նրա ինքնասպանության փորձը:
Կամոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, սակայն քննությամբ պարզվել է, որ նա անմեղսունակության վիճակում է կատարել օրենքով արգելված արարքը:
Դեպքի օրը՝ 2014 թվականի մայիսի 1-ին, առավոտյան ժամը 9-ին 44-ամյա Կամոն գնացել է հորեղբորորդու բակ: Զրուցել է, շնորհավորել ներկաների Մայիսի 1-ը: Հետո ասել է, թե գնում է մորը՝ Ռազմիկին տեսնելու:
Գնացել է: Մայրը կշտամբել է որդուն, քանի որ նա վաճառել էր իրենց տան շինանյութը:
Կամոն գնացել է մեծ եղբոր՝ Զարզանդի տուն: Տանը եղել է Զարզանդի հարսը՝ որդու կինը՝ անչափահաս երեխաների հետ:
Մեկուկես տարեկան Վիտալիկը քնած է եղել ննջարանում:
Կամոն հարսից դառը սուրճ է խնդրել՝ ասելով, թե գլուխը ցավում է:
Մինչ հարսը գնացել է սուրճ եփելու, Կամոն գրկել է փոքրիկ Վիտալիկին ու դուրս է եկել տնից:
Երեխայի մայրը խոհանոցից սենյակ է մտել, տեսել է, որ Կամոն այնտեղ չէ: Նա նկատել է նաև, որ երեխան էլ ննջասենյակում չէ: Անմիջապես դուրս է եկել բակ: Փողոցում հետաքրքրվել է: Ութ տարեկան մի երեխա ասել է, թե Կամոն երեխային գրկած այգի է գնացել: Իսկ այգին ձորի պռնկին էր:
Երեխայի մայրը հասել է Կամոյին, խնդրել, որ նա երեխային իրեն տա: Կամոն չի տվել, պահանջել է, որ կանչեն իր եղբայր Զարզանդին, ապա երեխային գրկած նստել է ձորի պռնկին…
Կինը ահազանգել է իր հարազատներին, գյուղացիներին, վերջիններս էլ ոստիկաններին, փրկարարներին ու շտապօգնությանը…
Նախաքննությամբ պարզվել է, որ Կամոն տառապում է հոգեկան՝ «Օրգանական զառանցական խանգարում» հիվանդությամբ:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ օրենքով արգելված արարքը կատարելիս Կամոն գտնվել է հիվանդագին, խանգարված վիճակում, որը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու հնարավորությունից:
Կամոն անմեղսունակ է ճանաչվել: Ըստ մասնագիտական եզրակացության՝ նա կարիք ունի հսկողության և արտահիվանդանոցային հարկադիր բուժման՝ տեղամասային հոգեբույժի հսկողության տակ:
Կամոն ամուսնացած է եղել:
Կնոջ ցուցմունքով՝ Կամոն 2013 թվականին մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Այնտեղ են նրա մոտ ի հայտ եկել հոգեկան խնդիրները: Նա իրեն տանիքից ցած է նետել, ողնաշարի վնասվածք ստացել:
Մեկնելուց երկու ամիս անց վերադարձել է գյուղ: Եղել է անկողնային վիճակում: Նրա մոտ հոգեկան խնդիրները սաստկացել են:
Կամոն սկսել է անհիմն կերպով կնոջը մեղադրել դավաճանության համար: Կինը, տեսնելով նրա հիվանդագին վիճակը, հեռացել է, գնացել է հայրական տուն:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նկատի ունենալով, որ Կամոն օրենքով արգելված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, նրան ազատեց քրեական պատասխանատվությունից ու պատժից:
Կամոյի նկատմամբ կիրառվեց բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հարկադիր բուժում:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.