Սևանում ամուսինը սեփական կնոջը պարտադրել է փողով խմբակային սեքսի մասնակցել

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվեց
Մանուկ Ե.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Մանուկն իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, «չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով» համոզել է կնոջը, որ սեռական հարաբերություններ ունենան երեքով՝ իրենց անկողին «հրավիրելով» ևս մի տղամարդու:
Մանուկը կնոջը նաև նյութապես է փորձել շահագրգռել՝ ասելով, թե «հրավիրված» տղամարդը խմբակային սեքսի համար կվճարի իրենց:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Մանուկը շուրջ երկու ամիս համոզել է կնոջը, կորզել է նրա համաձայնությունը:
2010 թվականի կեսերին Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում Մանուկը կազմակերպել է իր, կնոջ ու ինտերնետային կայքի միջոցով ծանոթացած ոմն Ակայի ինտիմ հանդիպումը:
Խմբակային սեքսը կայացել է: «Ական» վճարել է 20 հազար դրամ:
Այս եռյակ հանդիպումից հետո կինը հրաժարվել է հետագայում մասնակցել խմբակային սեքս անելու՝ ամուսնու նախասիրությանը:
Սակայն Մանուկը, ըստ մեղադրանքի, կնոջը սեռական շահագործման ենթարկելու հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեքսին մասնակցած լինելու փաստը որպես արատավորող տեղեկություն՝ տարածելու, նշված հանգամանքը շահարկելով՝ կնոջը մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, այդ առումով կնոջ խոցելիությունն օգտագործելով, առանձին դեպքերում նաև կնոջ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով՝ 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը կնոջը ենթարկել է պոռնկության շահագործման:
Ոչ միայն «սեռական գերհաճույք», այլև նյութական օգուտներ ստանալու նպատակով Մանուկը պարբերաբար, ընդհանուրը՝ մոտ 20 դեպքով կնոջը ստիպողաբար ներգրավել է համացանցի «Օդնոկլասնիկի» և այլ կայքերով ծանոթացած օգտատեր մի խումբ տղամարդկանց, նրանց ընկերուհիների մասնակցությամբ խմբակային սեռական հարաբերություններին:
«Հրավիրյալների» վճարած գումարները Մանուկը տնօրինել է իր հայեցողությամբ:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի, Մանուկը 2013 թվականի նոյեմբերի 2-ին, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճել է կնոջ հետ, ոտքերով ու ձեռքերով ծեծի ենթարկել նրան՝ ձախ աչքի տակ արյունազեղում առաջացնելով:
Մանուկ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Տուժող ճանաչված կինը ցուցմունք է տվել, որ Մանուկի հետ ծանոթացել է բժշկական քոլեջում սովորելու ժամանակ: Սիրահարվել է: Ինտիմ հարաբերություն է ունեցել Մանուկի հետ, զրկվել է կուսությունից:
2008 թվականին իրենք ամուսնացել են: Ապրել են վարձու բնակարանում:
Ծնվել է իրենց դուստրը:
Շուրջ մեկ տարվա համատեղ կյանքից հետո Մանուկը սկսել է հաճախակի այցելել պոռնկագրական կայքեր, անընդհատ առաջարկել է իրեն այլ տղամարդու ներգրավել ու խմբակային սեռական հարաբերություն ունենալ:
Ամուսնու առաջարկներին լուրջ չի վերաբերվել, բայց մշտապես իր անհամաձայնությունն է հայտնել:
Բայց Մանուկը շարունակել է համոզել իրեն:
2010 թվականի մի օր Մանուկի առաջարկով գնացել են «Լունապարկ»: Ամուսինը պատմել է, որ համացանցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվել խմբակային սեքսի վերաբերյալ: Նա ասել է, թե այդ տղամարդը վճարելու է դրա համար:
Ինքը հանկարծակիի է եկել, հրաժարվել, բայց Մանուկն ասել է, թե դրանով կամրապնդվի իրենց փոխադարձ սերը, հավատացրել է, թե դա միակ անգամը կլինի:
Նույն պահին Մանուկը ցույց է տվել իրենց ընդառաջ եկող մի տղամարդու, ասել է, թե նա է իրենց ինտիմ հարաբերության երրորդ մասնակիցը: Նա սեղմել է իր ձեռքը, խնդրել է, որ ինքը լռի ու հնազանդվի:
Ըստ կնոջ՝ ամուսնու նկատմամբ ունեցած զգացմունքներով պայմանավորված՝ վստահելով նրան, տարիքով փոքր լինելով ու չգիտակցելով, թե ինչ քայլի է դիմում՝ հանուն փոխադարձ սիրո համաձայնել է:
Տղամարդը ներկայացել է «Ակա» անունով:
Մանուկի առաջարկով գարեջուր են խմել այգու սրճարաններից մեկում, հետո միասին գնացել են «Աստորիա» շոգեբաղնիք-հյուրանոց, որտեղ սեռական հարաբերություն են ունեցել, և «Ական» Մանուկին վճարել է 20 հազար դրամ:
Մոտ մեկ ամիս անց Մանուկը նորից սկսել է համոզել, որ մեկ այլ տղամարդու հետ նմանատիպ հանդիպում ունենան:
Ինքը հրաժարվել է: Մանուկը սկսել է սպառնալ, թե բոլորին կպատմի առաջին խմբակային սեքսի մասին, ծնողներին կասի, որ ամուսնության պահին ինքը կույս չի եղել:
Ըստ կնոջ՝ ծնողների և մյուսների մոտ խայտառակ չլինելու համար ինքը ստիպված համաձայնել է երկրորդ հանդիպմանը:
Ավան-Առինջում գտնվող «Գինետուն» համալիրում ստիպված է եղել կատարել ամուսնու և անծանոթ տղամարդու սեքսուալ ցանկությունները:
Տղամարդը հանդիպումից հետո Մանուկին 25 հազար դրամ է տվել:
Դրանից հետո ամուսնու սպառնալիքների ազդեցության տակ մինչև 2011 թվականի ձմեռը մոտ 10 անգամ գնացել է այլ տղամարդկանց կամ զույգերի հետ հանդիպումների, որոնց ժամանակ խմբակային սեքս են արել:
Հանդիպումներին եկել են համացանցով Մանուկի հետ ծանոթացած տղամարդիկ կամ զույգեր:
Ոմանց հետ մի քանի հանդիպումներ են եղել, դրանք երբեմն համարվել են «փոխադարձ հաճույք», Մանուկին արդեն դրա համար չեն վճարել, այլ պարբերաբար տվել են 3-5 հազար դրամ՝ ձեռքի ծախսի համար:
2011 թվականի նոյեմբերին ամուսնու հետ մեկնել է Ռուսաստան: Այլ տղամարդկանց հետ ինտիմ հանդիպումները դադարել են: Ինքը 2-3 ամիս հանգիստ շունչ է քաշել:
2012 թվականի հունվարին վերադարձել են, բնակվել Գեղարքունիքի մարզում:
Ինքը նկատել է, որ Մանուկը նորից սկսել է համացանցով ինչ-որ մարդկանց հետ ծանոթանալ, շփվել: Նրանցից մեկի անունը Գևորգ է եղել՝ մոտ 50 տարեկան: Նա եկել է իրենց գյուղ, Մանուկին 10 հազար դրամ է տվել: Ընթրել են, Մանուկն ու Գևորգը պառկել են նույն անկողնում: Ինքը երեխային քնեցրել է, գնացել է ննջարան: Գևորգը կանչել է իրեն: Մանուկը գլխով է արել: Մանուկի ներկայությամբ ինքը սեռական հարաբերություն է ունեցել Գևորգի հետ:

Գևորգը մի անգամ էլ է եկել: Իր հայրը տանն է եղել: Ինքը, Մանուկն ու Գևորգը տնից դուրս են եկել, մեքենայի մեջ Մանուկն ասել է, որ կինը հիվանդ է, Մանուկն է Գևորգին մեքենայի մեջ սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել:
Խմբակային սեքս է եղել նաև Մանուկի կնքահոր որդու հետ, ով պարբերաբար Մանուկին 2-3 հազար դրամ է տվել:
2013 թվականի նոյեմբերի 2-ին Մանուկը տուն է գնացել խմած, վիճել է իր հետ, անպատվել, ասել է, թե մոտակա օրերին նորից խմբակային սեքս են անելու:
Ինքն իր մեջ ուժ է գտել ու վերջնականապես հրաժարվել է: Մանուկը ծեծել է իրեն:
Ինքը փախել, մտել է նկուղ: Զանգել է հարևանին, վերջինս իրեն ու երեխային տարել է իրենց տուն: Ինքը զանգել է մորը, պատմել ամեն բան, հարևանի մեքենայով գնացել են մոր տուն:
Մայրն արդեն դիմել էր ոստիկանություն: Ինքը ոստիկանությունում պատմել է ամեն բան…
Տուժողի մայրը հայտնել է, որ դուստրը Մանուկի հետ ամուսնացել է իր կամքին հակառակ: Մանուկն աշխատանք չուներ, աննպատակ կյանք էր վարում: Երբ ամուսնությունից հետո աղջիկն ու փեսան մի քանի ամիս ապրել են իրենց տանը, ինքը նկատել է, որ դուստրը մի տեսակ ստրկացել է, հնազանդորեն կատարում է Մանուկի բոլոր ասածները, իր հարցերին պատասխանում է կցկտուր, խեղճացած ու ընկճված վիճակում է…
Նախաքննական մարմնի կողմից հայտնաբերվել ու հարցաքննվել են Մանուկի հետ համացանցային ծանոթություն, ապա խմբակային սեքս ունեցած տղամարդիկ:
Մանուկի մեղավորությունը մեղսագրված հոդվածներով դատարանը հաստատված է գնահատել ոչ միայն տուժողի, վկաների ցուցմունքներով, ամբաստանյալի նախաքննական ցուցմունքով, այլև ամուսինների հեռախոսային հաղորդագրություններով:
Կինը, մասնավորապես, ի պատասխան հաշտվելու՝ ամուսնու խնդրանքին, պատասխանել է. «Իսկ որ ես էի քեզ խնդրում՝ ուրիշը չլինի մեր կյանքում, խի՞ չէիր լսում, թե՞ փողի ու հաճույքի կարիք ունեիր, ես էլ առաջվա հիմարը չեմ, էլ չզանգես, մոռացի մեզ… Ես չեմ կարողանում քեզ հավատալ, դու չես փոխվի, մեկա լինելուա նույն խմիչքը, նույն 3-4-ով հանդիպումները, վիրավորանքը… Քո արած քայլերը ես կյանքում չեմ կարա մոռանամ, ինչքան շանս տվել եմ, հերիք ա, ես քեզ չեմ ուզում հիշել, մոռացի մեզ, նոր կյանք սկսի, բայց նոր կնոջդ փողով չծախես…»:
Մանուկ Ե.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված հոդվածներով ու վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 18-ից:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.