Սյունիքում 11-ամյա տղայի մայրն իր տունը 5 հազար դրամով դարձրել էր պոռնկատուն
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նաիրա Ս.-ի գործի դատական քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ըստ դատական ակտի՝ Նաիրան 2 անձի՝ մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ա.-ի և Արգեն Ա.-ի հետ համաձայնության է եկել, գույքային օգուտ ստանալով՝ նրանց կողմից կատարվող պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ 2011 թվականից մինչև 2014 թվականի մայիս ամիսը պարբերաբար գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու համար իր բնակարանում կազմակերպել է հիշյալ մարմնավաճառուհիների ինտիմ հանդիպումները «արական սեռի տարբեր ներկայացուցիչների հետ»:
Յուրաքանչյուր անգամ բնակարանը տրամադրելու և միջնորդության համար Նաիրան, ըստ դատական ակտի, ստացել է 5 հազար դրամ:
2014 թվականի հունիսի 14-ին Նաիրայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ընդհանուր իրավասության դատարանում Նաիրան իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը նրա միջնորդությամբ քննվել է արագացված կարգով:
Դատարանն արձանագրել է, որ նշված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ընդգրկված է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում:
Հաշվի է առնվել, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Որպես մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել, որ Նաիրայի խնամքին է անչափահաս որդին՝ 2003 թվականին ծնված:
Ամբաստանյալը բնութագրվում է դրական, նա վատառողջ է, տառապում է վեներական հիվանդությամբ:
Ամբաստանյալը բնութագրվում է դրական, նա վատառողջ է, տառապում է վեներական հիվանդությամբ:
Նաիրա Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար և դատապարտվել 3 տարի իրական ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը: Օ զարմանք, դատախազը միջնորդել է մեղմացնել պատիժը՝ Նաիրայի նկատմամբ կիրառելով պայմանական դատապարտություն և սահմանելով փորձաշրջան:
Սովորաբար, վերջին շրջանի պրակտիկան այլ ուղղվածություն ուներ. եթե դատարանը պոռնկությանը նպաստելու մեղադրանքով պայմանական դատապարտություն էր կիրառում, մեղադրանքի կողմը վերաքննիչ բողոք էր բերում, թե պայմանականի կիրառումը պետք է վերացնել, նշված հանցագործության համար համաչափ պատիժն իրական ազատազրկումն է:
Այս դեպքում պարզեցինք, որ մեղադրող դատախազն ընդհանուր իրավասության դատարանում արդեն իսկ միջնորդել է պայմանական դատապարտություն կիրառել, Նաիրա Ս.-ին չազատազրկել: Սակայն դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի արարքին համաչափ պատիժ կարող է լինել միայն իրական ազատազրկումը:
Կալանքի տակ չգտնվող Նաիրան և իր շահերի պաշտպանը վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստին չէին ներկայացել, չնայած մեղադրողի բողոքը հօգուտ ամբաստանյալի էր, ու նա պիտի ջանար չբացակայել: Ամբաստանյալի և իր շահերի պաշտպանի բացակայության պատճառները դատարանին անհայտ էին:
Վերաքննիչ դատարանը բողոքը պիտի քննի վճռաբեկության կարգով, այդ դեպքում պատշաճ ծանուցված կողմի բացակայությունը խոչընդոտ կարող է չլինել՝ նիստը շարունակելու համար:
Դատարանը որոշեց բողոքը քննել հաջորդ դատական նիստին՝ այնուամենայնիվ հնարավորություն տալով, որ ամբաստանյալն ու պաշտպանը ներկայանան ամբաստանյալի շահերից բխող բողոքի քննությանը:
Մեղադրանքի կողմը, պայմանական դատապարտության միջնորդություն ներկայացնելով, ըստ երևույթին հաշվի է առել ամբաստանյալ Նաիրայի խնամքին տասնմեկամյա որդու առկայությունը: Սակայն մյուս կողմից, եթե տարիներ շարունակ նրանց բնակարանն օգտագործվել է որպես «արական սեռի ներկայացուցիչների ու մարմնավաճառուհիների ինտիմ հանդիպումների վայր», ապա անհանգստություն է առաջանում նաև երեխայի կյանքի ու դաստիարակության պայմանների վերաբերյալ: