Ռոբերտ Քոչարյանը՝ հանրահավաքին ընդառաջ

Այս տեղեկությունները և, ըստ էության, նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման մասին տեղեկատվությունը առանձնապես հետաքրքրական են դառնում հոկտեմբերի 10-ի հանրահավաքի լույսի ներքո: Սակայն այստեղ մենք կարող ենք դատողություններ անել երկու ուղղությամբ: Մի կողմից՝ Քոչարյանը գուցե թե սրանով փորձ է անում ցույց տալ, որ ինքն էլ անմասն չէ ակտիվ պրոցեսներից և ակնարկում է, որ հանրահավաքային հրապարակային շարժմանը զուգահեռ՝ չմասնակցելով այդ շարժմանը, ինքն այնուհանդերձ իրականացնում է զուգահեռ կուլիսային գործունեություն, իսկ մյուս կողմից ՝բացառել պետք չէ, որ Քոչարյանն այնուամենայնիվ ամեն ինչ չէ, որ կարողացել է համաձայնեցնել ոչիշխանական ուժերի հետ և ըստ էության փորձում է ցույց տալ, որ իր գործողությունները չի կապում նրանց հետ և իրականացնում է, այսպես ասած, իր քաղաքականությունը, գիտի իր անելիքն ու իր պլանները:
Առայժմ շատ դժվար է ասել, թե ինչի հետ գործ ունենք իրականում, սակայն, օրինակ, բավական խոսուն փաստ է, որ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցում են մի կողմից ոչիշխանական ուժերի առաջատար ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որով, ի դեմս Քոչարյանի, ծննդյան օրը հեռարձակվում էր նրա գովազդային ֆիլմը, իսկ մյուս կողմից՝ հանդիպմանը մասնակցում է ոչիշխանական ուժերին հրաժեշտ տված ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:
Թե ինչքան հեռուն տանող հետևություններ կարող ենք անել սույն փաստից՝ դժվարանում ենք ասել, սակայն որ փաստը իսկապես խոսուն է և չի կարող, այսպես ասած, կապ չունենալ ներքաղաքական գործընթացների հետ, երևի թե անկասկած է: Եվ ուրեմն ավելի ու ավելի ակնառու է դառնում մի բան. ոչիշխանական հարթություններում առկա գործընթացները իրականում առանցքային ներքաղաքական զարգացումների առարկայական մաս չեն, և այս զարգացումների ներքո հասունանում են առավել հետաքրքրական կուլիսային զարգացումներ, որտեղ ուժերի լիովին այլ դասավորություն կարող է լինել և բոլորովին այլ զարգացման ուղղություններ, իսկ ոչիշխանական հարթությունը, ըստ էության, այս ուղղությունների համար ծածկ է՝ այսպես ասած, ջերմոցային էֆեկտ ապահովելու համար, իսկ արդյունքը կամ պտուղը ջերմոցից է դուրս գալու: