Մարիամ Մելիքյանն այսօր ամուսնանում է :)
Այսօր դերասանուհի Մարիամ Մելիքյանի հարսանքին է: Նախօրեին ESem.am-ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ ավանդական երթուղիով, հայկական «տաշի-տուշի»-ով հարսանիքն են անելու, սակայն պսակադրության արարողություն չի լինելու, զույգն իր միությունը չի ամրագրելու նաև զագսում:
«Քանի որ մեր ընկերներից շատերն արտերկրում են, փեսացուս էլ Անգլիայի քաղաքացի է, ևս մի հարսանիք կանենք, որը հավանաբար Անգլիայում կկայանա: Եկեղեցի և զագս կգնանք մեր երկրորդ հարսանիքին»,- ասաց Մարիամը:
Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով դերասանուհին է զբաղվել: Նրա փոխանցմամբ՝ թեև դիմել է ոճաբանների օգնությանը, ամեն բան եղել է իր ճաշակով և վերջնական որոշմամբ: Մարիամի խոսքով՝ ընտրյալի՝ Գոռի հետ պայմանավորվել են, որ այս հարսանիքն ինքն է կազմակերպելու, երկրորդը՝ նա:
Հարսնացուից տեղեկացանք, որ ամեն բան սպիտակի և մանուշակագույնի համադրությամբ է արել: Մարիամը մինչև վերջին օրը թաքուն է պահել հարսանեկան զգեստը՝ հավատարիմ մնալով ավանդույթին: «Ընտրել եմ իմ երազանքների զգեստը. շատ գեղեցիկ, եթերային զգեստ է»,- ESem.am-ին ասաց նա ու հավելեց, որ երկրորդ հարսանիքին այլ զգեստ է հագնելու: Այլ են լինելու նաև ամուսնական մատանիները:
Մարիամի փոխանցմամբ՝ չամուսնացած աղջիկների համար նախատեսված ծաղկեփունջը կոնֆետներից է լինելու. «Իմ կարծիքով՝ ամուսնությունը շատ քաղցր բան է, և ուզում եմ այդ քաղցրությունը փոխանցել աղջիկներից մեկին: Իսկ ծաղկեփունջս հավանաբար կնվիրեմ հարսնաքրոջս»:
Դերասանուհին հայտնեց, որ ավանդական հարսի պար չի պարելու: «Պարելու եմ հարսի պար, կեսից երաժշտությունը փոխվելու է և ակտիվ պար եմ պարելու բրեք-դանս պարող տղաների հետ: Գոռի հետ պար չենք բեմադրել, քանի որ նա 2 օր առաջ է եկել Հայաստան,- ասաց Մարիամն ու հավելեց, որ ևս երկու պար է ներկայացնելու: -«Ամարասի» աղջիկների հետ և՛ պարելու եմ, և՛ երգեմ: Կներկայացնեմ Օլգա Այվազյանի «Կինդ դարձա» երգը: Արման Անտոնյանն ինձ երգ էր նվիրել, սակայն չցանկացա կատարել այն: Երգը շատ լավն էր, սակայն լսելիս զգացի, որ իմը չէ: Եթե մի բան չեմ ուզում, ստիպողաբար չեմ անում, բացի այդ, ես պրոֆեսիոնալ երգչուհի չեմ, անպայման չէ իմ անհատական երգն ունենամ»: