«Հարսանիքս կլինի Հայաստանում». Արթուր Աբրահամ
Սեպտեմբերի վերջին պրոֆեսիոնալ ռինգի հայ վարպետ Արթուր Աբրահամը Գերմանիայի հարազատ մրցաբեմում հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին՝ երկրորդ անգամ պաշտպանեց բռնցքամարտի WBO կազմակերպության վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այդ մենամարտի արդյունքը տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց հատկապես նրա մրցակցի ճամբարում: Անգլիացիների հայտարարությունների, ռևանշ հանդիպման հնարավորության, ինչպես նաև անձնական կյանքում եղած լուրջ փոփոխությունների մասին Life.panorama.am-ին պատմեց հենց ինքը՝ չեմպիոնը:
-Արթուր, նախ և առաջ շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Վերջերս արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ հայտարարել եք, թե պատրաստ եք մենամարտել ցանկացած մրցակցի հետ, բայց միայն Եվրոպայում: Ձեզ հարմարավետ չե՞ք զգում ամերիկյան ռինգում:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար…Ճիշտն ասած՝ նման հայտարարություն չեմ արել: Ես ցանկացած պահի, ցանկացած տեղում պատրաստ եմ մենամարտել ցանկացած բռնցքամարտիկի հետ: Ինձ համար տարբերություն չկա, շատ մենամարտեր եմ ունեցել և՛ Ամերիկայում, և՛ Եվրոպայում: Թեև, ցանկալի է Եվրոպայում, որովհետև Ամերիկայում խարդախություններ շատ են լինում:
-Ջորջ Գրոուվզի և Միկել Կեսլերի անունները պատահական ե՞ք արծարծել, թե՞ հավանական է հանդիպեք նրանց:
-Երկուսի հետ էլ հանդիպումը հավանական է, ինչո՞ւ պետք է հավանական չլինի: Դեռևս ուղղակի խոսակցություններ են, ստույգ ոչինչ չկա, այդ պատճառով չեմ ցանկանա ավելին ասել…
-Ձեր հետ վերջին մենամարտից հետո բրիտանացի Փոլ Սմիթը հայտարարեց, որ համամիտ չէ իր պարտության վերաբերյալ մրցավարների վճռին և պատրաստվում է բողոքարկել այն: Այդ մասին ի՞նչ նորություններ կան՝ ռևանշ հանդիպման անցկացումը հնարավո՞ր է:
-Նա համամիտ էր մրցավարների արձանագրությունում նշված 117:111 հաշվի հետ, պարզապես 119:109-ի հետ համամիտ չէր… Խնդիր չկա, մենք իրեն կառաջարկենք ևս մեկ մենամարտ, որպեսզի նորից համոզվի: (Ժպտում է)
-Չեք բացառել, որ կարող եք արդեն 4-րդ մենամարտն անցկացնել Ռոբերտ Շտիգլիցի հետ: Դա չի՞ ձանձրացնի երկրպագուներին:
-Նոյեմբերի 8-ին նա մրցելու է Ֆելիքս Շտուրմի հետ, որից հետո՝ 2015 թվականին, ես կմենամարտեմ հաղթողի հետ: Ինչ վերաբերում է ձանձրացնելուն, ինձ թվում է՝ բռնցքամարտի սիրահարների համար նման լավ մենամարտերը չեն կարող ձանձրալի լինել:
-Ի դեպ, մենամարտերը դուք մեծամասամբ հաղթանակով եք ավարտում: Ձեզ համար է՞լ հետաքրքրությունը չի կորել:
-Ինչպե՞ս կարող են հաղթանակները ձանձրացնել: Դրանք արյան և քրտնաջան աշխատանքի շնորհիվ են ձեռք բերվում…
-Արթուր, ինչքա՞ն ժամանակով եք Հայաստան եկել:
-Երեք շաբաթով:
-Գործնակա՞ն հարցերով, թե՞…
-Հանգստանալու եմ եկել, հատուկ նպատակներ չկան: