Ինչո՞ւ է զարմացրել Ծառուկյանը
Հայաստանյան հասարակության շրջանում մեծ աժիոտաժ է առաջացրել նախագահական թեկնածության պատրաստ լինելու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ արվեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ:
Եթե անկեղծ լինենք, ապա այս աժիոտաժն ըստ էության մի քիչ անհասկանալի է: Վերջին հաշվով՝ Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում: 2013 թվականին նա գրեթե դառնում էր նախագահի թեկնածու, մի քանի ամիս շարունակ ծանրութեթև էր անում, Բրյուսելից նույնիսկ հաղորդագրություններ էին տարածվում, որ այնտեղ նրան ուղղակի համարում են նախագահի թեկնածության համար ծնված գործիչ: Սակայն վերջին պահին, իհարկե, ինչ-որ բաներ խափանվեցին, և Ծառուկյանը չդրեց թեկնածությունը, բայց, այնուամենայնիվ, նա պատրաստ էր դնել և հայտարարել էր այդ մասին:
Այնպես որ՝ ներկայիս աժիոտաժը իսկապես անհասկանալի է, քանի որ ԲՀԿ առաջնորդը ընդամենը կրկնում է այն, ինչ մի անգամ արդեն իսկ եղել է: Եվ սրանից զատ՝ ի՞նչ կա զարմանալու, որ ԲՀԿ առաջնորդը հավակնում է նախագահության թեկնածու լինել: Եթե մարդը դարձել է ընդդիմության առաջնորդ կամ ոչ իշխանական ուժերի առաջնորդ, եթե նա այդ ուժերի ակնհայտ առաջատարն է, նրա մոտ են գնում մյուս երկու ուժերի առաջնորդները, եթե որևէ մեկը այսօր չի վիճարկում ԲՀԿ-ի լոկոմոտիվային կարգավիճակը, և կասկած չկա, որ առանց ԲՀԿ-ի ոչ իշխանական ուժերի միավորումը ոչինչ է, էլ ի՞նչ կա զարմանալու, որ ընդդիմության կամ ոչ իշխանության դաշտի առաջնորդ դառնալուց հետո Գագիկ Ծառուկյանը հավակնում է լինել իշխանությունների առաջնորդը: Բայց չէ՞ որ բոլոր ընդդիմադիր առաջնորդներն էլ բոլոր երկրներում հենց այդ նպատակով են ընդդիմություն գլխավորում, որ դառնան իշխանության առաջնորդ: Եվ եթե հասարակությունը չէր զարմանում կամ աժիոտաժի չէր մեջ ընկնում, երբ Գագիկ Ծառուկյանն ըստ էության ընդդիմության առաջնորդ էր դառնում, ապա առավել քան անիմաստ և անտեղի է աժիոտաժը իշխանությունների առաջնորդ լինելու պատրաստակամության մասին հայտարարության կապակցությամբ:
Ամեն ինչ այն քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ է, որը Հայաստանում սկզբնավորվել է 2011 թվականից, երբ 2008 թվականին ձևավորված ժողովրդական շարժումը սահուն կերպով դրվեց ԲՀԿ տրամադրության տակ: Աժիոտաժ, զարմանք, վրդովմունք և նման կարգի արձագանքներ պետք էին այն ժամանակ, և եթե այն ժամանակ դրանք չեն եղել, հիմա զարմանալու որևէ կարիք չկա՝ Գագիկ Ծառուկյանը հմտորեն օգտագործում է այն, ինչ դրվել է նրա տրամադրության տակ 2011 թվականից:
Եվ վերջին հաշվով՝ ի՞նչ է, որևէ մեկին թվում է, որ, ենթադրենք, Հովիկ Աբրահամյանի նախագահական հավակնությունները զարմանալի կամ աժիոտաժային չեն, իսկ Ծառուկյանինն աժիոտաժայի՞ն են: Վերջիվերջո՝ Ծառուկյանը չի հայտարարել քաղաքականության մեջ խելքի ավելորդության մասին, դա արել է Հովիկ Աբրահամյանը: Ի վերջո՝ ԲՀԿ առաջնորդի այս հայտարարության կապակցությամբ առաջացած աժիոտաժն իրականում վկայում է Հայաստանի հասարակությունում քաղաքական գործընթացների բուն բնույթի և տրամաբանության ընկալման խնդիրները: Որովհետև Ծառուկյանի հայտարարությունն իրականում, այսպես ասած, հետևանք կամ ինչ-որ տրամաբանական հանգրվան է, որը կարող էր և չլինել, սակայն դրանից քաղաքական գործընթացների բնույթը, որ առկա է այսօր Հայաստանում, և որը բերել է նրան, որ քաղաքական դաշտը միմյանց միջև՝ ինչպես իշխանությունն ու բիզնեսը, կիսել են կրկին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության՝ չէր փոխվելու: Սակայն հասարակությունն այդ գործընթացների հանդեպ իներտ է և անտարբեր, և արձագանքում է միայն մակերեսում տեղի ունեցողին, աժիոտաժ առաջացնում միայն նման իրողությունների հանդեպ՝ բաց թողնելով այն, ինչ տեղի է ունենում այսբերգի անտեսանելի մասում: