Հայաստանում ամեն ինչ լավ է, բացի աշխատավարձից. Ալինա Մարտիրոսյան
Ալինա Մարտիրոսյանը ներկայիս ամենապահանջված դերասանուհիներից մեկն է. նա գրեթե չի հեռանում հեռուստաէկրաններից, իսկ տարիներ առաջ ֆիլմում հնչեցրած նրա «Ну все карлик ты труп» արտահայտությունն ամենատարածվածն էր: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ` աշխատանքային նորությունների, որդու, Հայաստանի խնդիրների և երկրից հեռանալու մասին:
-Ալինա, Ձեր աշխատանքային կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ միշտ շատ բազմազբաղ եք եղել և տարբեր ոլորտներում փորձել եք Ձեզ: Այսօր նկարահանվում եք բավական հաջողված նախագծում` «Տնփեսա» սիթքոմում, արդյո՞ք Ձեր ներկայիս մասնագիտական գործունեությունը բավարարում է Ձեզ: Եվ եթե` այո, ապա ի՞նչն է պակասում հենց աշխատանքային գործունեության մեջ:
-Եթե խոսքը սիթքոմի մասին է, ապա` այո, բավարարում է, որովհետև սիթքոմից շատ բան չի պահանջվում: Իսկ մասնագիտական առումով շատ ավելի լուրջ դեր կուզենայի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին է «Եղբայրներ» հեռուստասերիալի Մադլենի կերպարը:
-Ընդամենն օրեր առաջ տեղի է ունեցել «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան, որում մասնակցություն եք ունեցել նաև Դուք: Որքանով տեղյակ եմ` ներկայումս նկարահանվում եք ևս մեկ ֆիլմում: Կխոսե՞ք ֆիլմերում հանդես գալու Ձեր տպավորությունների մասին, որովհետև գրեթե բոլոր դերասանները պնդում են, որ ֆիլմում և սերիալում նկարահանվելու տարբերությունը հսկայական է:
-«Ուրիշի փոխարեն» ֆիլմում ամեն ինչ շատ ուրիշ էր… Մեզ հետ աշխատում էին ազգությամբ ռուս մարդիկ, ամեն ինչ ընթանում էր շատ դինամիկ, կազմակերպված և արագ: Դերասանի հանդեպ իրենց վերաբերմունքն լիովին այլ է, ամեն րոպե որևէ մեկը մոտենում և հարցնում էր` ի՞նչ կխմեք, ի՞նչ կուզեք, քաղցած չե՞ք: Ընդհանրապես, գեղարվեստական ֆիլմերում մոտեցումը շատ տարբեր է: Ինչ վերաբերում է մյուս ֆիլմին, կրկին ամեն ինչ նշածս տարբերակով էր, անձնակազմը շատ հոգատար էր, ամեն ինչ շատ հետաքրքիր էր. մայիսին պետք է շարունակենք նկարահանումները:
-Կերպարային առումով զարմացնելո՞ւ եք:
-«Ուրիշի փոխարեն» ֆիլմում մարմանավորածս կերպարը «Տնփեսայի» Էդիտային համահունչ է, որևէ զարմացնելու բան չկա: Մարմնավորում եմ հարուստ, լկստված, գլամուր աղջկա, ով ոչինչ և ոչ մի տուն չի հավանում, իրեն միայն դուր է գալիս այն փաստը, որ երբ մոտենում է հայելուն, այն իր շուրթերը մեծ է ցույց տալիս: Նա նույնիսկ չի նկատում, որ տվյալ տունը շքեղ է, նրան ոչինչ չի հետաքրքրում, որովհետև շատ հարուստ է: Մյուս ֆիլմում մարմանավորում եմ ուկրաինացի դիպուկահարի:
-Տարիներ առաջ ընդամենն էպիզոդիկ դերով էիք հանդես եկել «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում, սակայն Ձեր կողմից հնչած «Ну все карлик ты труп» արտահայտությունը, թերևս, ամենահիշվողներից մեկն էր, ինչին էլ հաջորդեց Ձեր հետագա հաջողությունը: Ի զարմանս ինձ` օրեր առաջ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասացիք, որ Հայաստանը լքելու ցանկություն ունեք… Ինչո՞վ է պայմանավորված այս ցանկությունը:
-Իսկապես դերն էպիզոդիկ և շատ փոքր էր, սակայն արտահայտությունը հիշվող և մինչ օրս մարդկանց մոտ տպավորված է… Ինչը վերաբերում է Հայաստանից հեռանալուն, ապա տարիներ շարունակ ասել եմ, որ ուզում եմ դրսում ապրել, բայց գնալս չի ստացվում…Առհասարակ, եթե այդպես եմ ասել, դա դեռ չի նշանակում, որ հենց հիմա եմ այդ քայլին գնալու: Ուղղակի Հայաստանից դուրս կյանքը սիրում եմ, որովհետև օրենքը գործում է բոլորի համար, բոլորը հավասար են և հեշտ է ապրելը, ֆինանսական առումով էլ դժվար չէ, կարողանում ես գոյատևել: Միայն նշածս հանգամանքների պատճառով եմ ասում, որ դրսում ապրելն ավելի լավ է: