Հայկական բարեգործության սարսափելի երեսը (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի վերջին նիստում իր ելույթի վերջում՝ անելիքների վերաբերյալ հատվածում, ասաց. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը [Գագիկ Ծառուկյանի] չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:
Արդեն բավական երկար ժամանակ է՝ Հայաստանում ծաղկում է մի երևույթ, որին շատ դժվար է բնորոշում տալ մարդասիրության և բարոյականության տեսանկյունից, թեև առաջին հայացքից այդ երևույթը, իբր թե, մարդասիրություն և բարոյականություն է: Օրինակների պակաս չկա: Բոլորի հիշողության մեջ են դեռ թարմ կադրերը Աբովյանում նորակառույց եկեղեցու բացման արարողությունից, երբ մարդկանց դրել էին բացված սեղանների առաջ, և երբ այսպես ասած ընտրյալները հեռացան սեղաններից, մարդիկ ուղղակի իրար էին հոշոտում մի կտոր անվճար ուտելիքի համար:
Նման վիճակի հասցված հասարակությունները ուղղակիորեն անպաշտպան են ցանկացած մանիպուլյացիաներից և միանգամայն հեշտ կառավարելի են մի կտոր անվճար լավաշով, մի քանի մետր անվճար բացված սեղանով: Սա «բաժանիր և տիրիր»՝ դարերով եկած փիլիսոփայության մեկ այլ տարբերակն է՝ բաժանիր մի քանի փշրանք, միայն թե որքան կարող ես շատ գովազդելով այդ բարեգործությունը, որքան կարող ես՝ հրապարակային դարձնելով, և տիրի՛ր այդ հասարակությանը:
Մալաթիա-Սեբաստիա համայնքում պատգամավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանը անվճար լավաշ է բաժանում, անձնագրերով, միայն վարչական այդ շրջանի բնակիչներին: Եվ առավոտից երեկո բնակիչները ուղղակի ժամերով հերթեր են կանգնում և հերթերում իսկական կռիվ անում միմյանց հետ այդ անվճար լավաշների համար: Ամեն ինչ հիշեցնում է, այսպես կոչված, մութ ու ցուրտ տարիները, երբ հացի համար մարդիկ հերթերում իրար էին կոտորում: Սակայն եթե այդ տարիներին պատերազմ ու շրջափակում էր, ապա այսօր լիովին այլ իրավիճակ է:
Այսօր, բարեբախտաբար, խաղաղություն է, այսօր Հայաստանում լրիվ այլ պայմաններ են, այլ մթնոլորտ, այլ միջավայր, և չնայած ահռելի խնդիրներին՝ Հայաստանում այսօր կան միլիարդատերեր, որոնք հենց այս խաղաղության տարիներին են ձևավորվել և տեղավորվել Հայաստանի իշխանության տարբեր օղակներում, տեղավորվել քաղաքական դաշտի տարբեր բևեռներում: Միլիարդատերեր, որոնք ձևավորվել են երկրի և հասարակության աղքատացման ֆոնին: Միլիարդատերեր, որոնք այսօր, ըստ էության, հասարակության աղքատացումն են դարձրել իրենց համար միջոց և գործիք նույն այդ հասարակության վրա իշխելու և վերջին փշրանքներն անգամ քամելու: Վկան հենց անվճար հացի ցուցադրական ակցիաներն են, որ կազմակերպել է օլիգարխ պատգամավորը, և որը ոչ այլ ինչ է, քան հասարակության, մարդկանց արժանապատվության հրապարակային նվաստացում:
Արժանապատիվ կյանքի, ապագայի փոխարեն՝ արժանապատվության նվաստացում, ընդ որում՝ արժեքային դեգրադացիայի վերջին ստադիային բնորոշ միջոցներով՝ բարեգործության քողի տակ:
Հայաստանում բարեգործություն երևույթն էլ արժեզրկվել է հենց այն խավի ներկայացուցիչների կողմից, որոնց գերհարստացման արդյունքում պետությունն ու հասարակությունը հասել են մի կտոր հացին կարոտ վիճակի: Եվ բարեգործության անվան տակ տեղի է ունենում հասարակության, մարդու արժանապատվության հրապարակային նվաստացում:
Առաջին՝ աղքատացման, ընչազրկման փուլը հետևում է, այսօր բուռն ընթացքի մեջ է բաժանելու և տիրելու փուլը: Եվ սա այսօր հասարակական-քաղաքական կյանքի գերակա տրենդն է, որովհետև այդ տրենդի վրա են և՛ իշխանական օդիոզ դեմքերը, և՛, այսպես ասած, ընդդիմադիր առաջնորդները, որոնք սոցալական նույն «էլիտար» դասի ներկայացուցիչներն են, որոնք միմյանց հետ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, դուբայական արձակուրդներ են անցկացնում և երևի թե կիսվում են «բարեգործական» նվաճումների փորձով:
Այս դասից ավելին ակնկալելն իհարկե միամտություն կլիներ, եթե մեր աչքի առաջ է եղել նույն այդ մարդկանց գործունեությունը Հայաստանի հետպատերազմյան շրջանում: Ամենասարսափելին այն է, որ այս դասը այսօր ըստ էության վայելում է այսպես կոչված քաղաքական շերտի աջակցությունը, և այդ շերտի ձեռամբ է նաև մի մասով հռչակվել Հայաստանի փրկիչ: Այսպես կոչված քաղաքական շերտը ապահովում է վերը բերված մոդելավորմամբ քաղաքականության կնիքը, այսպես ասած «ԺԷԿ-ի տեղեկանքը»՝ ընդդիմադիր լինելու կամ առաջնորդ լինելու մասին: Եվ եթե առաջին դասի դեպքում գործ ունենք հասարակության նյութական ընչազրկման և հետևանքների հետ, ապա երկրորդի դեպքում գործ ունենք հասարակության առաջ ոչնյութական, սակայն խորքային առումով էլ ավելի վտանգավոր մեղքի կամ հանցանքի՝ արժեքային, գաղափարական, սկզբունքների ընչազրկման հետ:
Նյութական կորուստները կարող են վերականգնել հասարակությունները, որոնք արժեքային, գաղափարական առումով սնանկացված, թալանված չեն: Սակայն երբ նման տեղեկանքներով թալանվում են արժեքները, գաղափարներն ու սկզբունքները, կորուստները, ըստ էության, չափազանց դժվար է լինելու վերականգնելը: