Հայ առևտրական կանայք Թուրքիայում տված-առած պարտքի պատճառով որոշել են իրար «վատություն անել» Հայաստանում
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Դալիդա Շ.-ի գործի դատական քննությունը:
36-ամյա Դալիդան բարձրագույն կրթություն ունի, ամուսնալուծված է, խնամքին են երեք երեխաները՝ ծնված՝ 1997, 1999, և 2005 թվականներին:
Դալիդան մեղադրվել է սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի մայիսի 31-ին Դալիդա Շ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, թե ապրիլի 18-ին, ժամը 17-ին իր ծանոթ Ստելլան ու նրա ամուսին Կարենը եկել են իր տուն:
Երբ ինքը գնացել է խոհանոց՝ սուրճ եփելու, նրանք հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել են իր 300 դոլար գումարը, ոսկե մատանին ու ականջօղերը՝ իրեն պատճառելով ընդամենը 450 հազար դրամին համարժեք գույքային վնաս:
Այս հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է սկսվել:
Պարզվել է, որ Դալիդան ու Ստելլան 2014 թվականի մարտին առևտուր անելու նպատակով գնացել են Թուրքիա: Այնտեղ միմյանց պարտքով գումարներ են տվել, միմյանց համար ապրանքներ են գնել:
Թուրքիայից վերադառնալուց հետո Դալիդան գնացել է Ստելլայի տուն, բայց Ստելլան տանը չի եղել:
Իմանալով Դալիդայի այցի մասին՝ Ստելլան զանգել է նրան ու պահանջել է, որ իր բացակայությամբ Դալիդան այլևս իր տուն չգնա: Չի վստահել՝ ասել կուզի: Դալիդան վիրավորվել է:
Ապրիլի 20-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Ստելլան տանն է եղել, երբ նրան այցելել է Դալիդան: Դա արդեն բարեկամական այց չէր: Դալիդան Ստելլայից պահանջել է 100 դոլար՝ պատճառաբանելով, թե Թուրքիայում նրա համար ապրանք է գնել:
Կանանց միջև վիճաբանություն է սկսվել գումարային և այլ հարցերի շուրջ: Վեճին միջամտել է Ստելլայի ամուսին Կարենը:
Սակայն վեճը ոչ թե դադարել է, այլ վերաճել է քաշքշոցի: Ստելլան ու Դալիդան քաշքշել ու ճանկռել են իրար:
Դալիդան ծեծված լինելու հանգամանքից էլ ավելի վիրավորված՝ որոշել է «վատություն անել» Ստելլային ու սուտ հաղորդում է տվել, թե Ստելլան ու նրա ամուսինն իր տուն են եկել, գողություն են կատարել…
Նախաքննությամբ Դալիդայի հաղորդումը չի հաստատվել:
Հանցադեպի բացակայության հիմքով գողության վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվել է:
Դալիդան խոստովանել է, որ սուտ հաղորդում էր տվել…
Դալիդային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում Դալիդան իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:
Դատարանը Դալիդա Շ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել է 200 հազար դրամ տուգանքի: