Ո՞ւմ հաշվին է Քարդաշյան ընտանիքն այցելել Հայաստան
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանն ասել է, որ Քարդաշյանների այցելությունը կազմակերպվել է հիմնադրամի եւ «SIMA Tours USA» ընկերության ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Aravot.am-ն էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվել է, թե այդ ջանքերն ու աջակցությունը գումարային արտահայտությամբ որքան է կազմել, արդյոք նախարարությո՞ւնն է հոգացել Քարդաշյանների այցի, կեցության եւ շրջագայության ծախսերը:
«Աջակցություն ասելով` գումարային աջակցություն չէ, նախարարությունը չի հոգում նրա այցի ծախսերը: Պարզապես փոխնախարարի մակարդակով նրան դիմավորելն ու ուղեկցելը պայմանավորված է նրանով, որ Քարդաշյանը կարեւոր այցելու է Հայաստանի համար»,-վստահեցրել են նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարությունից նաեւ նշեցին, որ իրենց աջակցությունը, կարելի է ասել տեխնիկական է. ասենք` Գառնի-Գեղարդ ուղեկցելը, կամ եթե որեւէ խոչընդոտ առաջանա, այն վերացնելը. «Քիմն ինքն է որոշում ուր գնալ, մենք էլ աջակցում ենք այդ հարցերում»: