Վաչեն «բերնից թռցրեց». իրականում ո՞վ է սպանել Հայկազ Բարսեղյանին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 24-ին շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը:
Մեղադրյալներ Վաչե Սահակյանը, Գնել Թևոսյանը և Մովսես Ազարյանը բավականին հանգիստ էին դատարանում: Ցուցմունք տալիս հստակ պատասխանեցին դատավորի հարցերին և ընդգծեցին, որ չեն սպաբել Հայկազ Բարսեղյանին:
Միայն Վաչե Սահակյանը «բերնից թռցրեց». «Մի խումբ անձանց կողմից չի եղել ծեծը, միայնակ եմ եղել, բայց չեմ սպանել: Ինձ մեղավոր չեմ ճանաչում: Մեղավոր եմ միրայն ծեծելու համար»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։