Feka 23. Սերժ Սարգսյանի բարեկամը գրեց, որ ես ինտերնետից ջնջեմ պարոն պրեզիդենտին ուղղված երգը (տեսանյութ)
«Հայաստանում ահագին ժամանակ ընդունված է եղել համարել, որ ռեփը երգում են, բայց ռեփը կարդում են: Թվում է, թե հասարակ բան է, մարդիկ մտածում են՝ ինչ տարբերություն ռեփ երգե՞լ, թե՞ կարդալ, բայց դա տենց չի: Այդ երևույթը ցույց է տալիս ռեփի մասին չինֆորմացված լինելու փաստը՝ չնայած կամաց-կամաց վերանում է «ռեփ երգել» արտահայտությունը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեփեր Feka 23-ը:
Նա հրաժարվեց մեկնաբանել կեղծանունը, բայց խոստացավ երգերի միջոցով պատմել այդ մասին: Ռեփով սկսել է զբաղվել 2011-ից. «Ծանոթացա մի տղայի հետ, ով ռեփով էր զբաղվում, բայց ռուսերենով ու սիրողական մակարդակով: Ռեփի հանդեպ հետաքրքրությունս այդտեղից սկսվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց ռեփերը:
«Ռեփից ես հաճույք եմ ստանում, ռեփի միջոցով արտահայտում եմ ամեն ինչ, ինչ ինձ դուր է գալիս կամ դուր չի գալիս: Իմ ռեփն ազատություն է խորհրդանշում. իʹմ ազատությունը, իʹմ խոսքի ազատությունը»,- նշեց նա:
Feka 23-ը ռեփի միջոցով բարձրաձայնում է այն թեմաների մասին, որոնց մասին սովորաբար լռում եմ: Հարցին, թե Ձեզ երբևէ չե՞ն փորձել լռեցնել, ռեփերը պատասխանեց.
«Ինձ չեն փորձել լռեցնել, իսկ եթե անգամ փորձեն էլ, ոչինչ չի ստացվի: Մի անգամ նամակ ստացա «Ֆեյսբուք»-ով, ոմն անձնավորություն ներկայացավ որպես Սերժ Սարգսյանի բարեկամ ու գրեց, որ ես ինտերնետից ջնջեմ պարոն պրեզիդենտին ուղղված երգը: Ես նրան ուղարկեցի համապատասխան վայր»,- պատմեց նա ու հավելեց, որ պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, անգամ իր կյանքի գնով:
«Ես երբեք չեմ խոսում ենթատեքստերով ու նամյոկներով, եթե ինչ-որ մեկին բան ունեմ ասելու, կասեմ` նշելով կոնկրետ անուններ: Եթե դու խոսում ես նամյոկով ու առանց անուն տալու, ուրեմն քո ասածը 0 է, ու ասելիքը բարձրանում է օդ: Տենց սովորաբար անում են վախկոտները, որ հետո կարողանան «կրուտիտ ըլնեն», որ չկորցնեն իրանց քիթը»,- համոզված է ռեփերն, ով նաև իր երգերի հեղինակն է: