Ինչպես են թաղում ադրբեջանցի կապիտանին. Հոր թաղմանը երեխան ոտանավոր է ասում, թե «դուշմանն ուզում է մեր հողը մտնել» (Տեսանյութ)
Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու թուրքագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը օրերս հրավիրած ասուլիսում պատմում էին, թե ինչ տարօրինակ են կազմակերպում Ադրբեջանում զինվորների հուղարկավորությունները:
Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ կարծես սպորտային միջոցառում լինի, ոչ թե թաղում զինվորականի: Ֆեյսբուքում բավականին ակտիվ քննարկումներ եղան այս առնչությամբ, ոմանք թերահավատորեն մոտեցան, որ թաղումը թաղում է, ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ են հակառակորդի թաղումները այդպես ներկայացնում:
Տարոն Հովհաննիսյանն Aravot.am-ին է տրամադրել մի տեսանյութ, որտեղ ապրիլի 2-ի մարտերում վիրավորված ադրբեջանցի կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուի (Savalanov Nəcməddin Akif oğlu) հուղարկավորությունն է: Նա մայիսի 8-ին Բաքվի գլխավոր հոսպիտալում էր մահացել:
Այս հուղարկավորության ժամանակ ՊՆ-ի հատուկ մասնագետ՝ Աբդուլլահ Ղուրբանին այսպես ասած վարում է ողջ «միջոցառումը» եւ բարձրախոսը մեկ տալիս թաղմանը մասնակցող, լացող հարազատներին, մեկ ծափողջույններով մեդալ տալիս՝ այն հանդիսավոր փակցնելով զոհվածի մանկահասակ երեխայի կրծքին ու այդ ամենը՝ իր հոր դագաղի մոտ (լուսանկարում): Ամենատարօրինակն այդ հուղարկավորության ժամանակ ոչ այնքան այն էր, որ ադրբեջանցիները անչափահաս, փոքր երեխաներին բերել են իրենց հոր թաղմանը եւ այդ ողջ ողբերգությանը մասնակից են դարձնում, այլ այն, որ Ղուրբանին միկրոֆոնը տալիս է զոհվածի փոքր աղջկան, որ վերջինս հայրենասիրական ոտանավոր ասի՝ հոր դագաղի մոտ: Երեխան էլ արցունքն աչքերին, Ադրբեջանի դրոշն ուսերին գցած սկսում է արտասանել, թե ՝ հայրենիքը վտանգի մեջ է, մեզ կանչում է, դուշմանն ուզում է մեր հողը մտնել, ով որ ցանկանա՝ արժանի հակահարված կստանա…
http://www.aravot.am/2016/05/26/696480/