Ամերիկացի զույգի արձագանքը քառյակի սպասելու լուրին՝ 8 տարի երեխա չունենալուց հետո (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail-ը ներկայացնում է հուզիչ լուսանկարներ՝ գրելով, որ սա այն անգին պահն է, երբ ամերիկացի զույգն իմանում է, որ քառյակ է ունենալու 8 տարի հղիանալ չկարողանալուց հետո:
Ամերիկյան Յուտա նահանգից Էշլի և Թայսոն Գարդներները մեծ ուրախությամբ են ընդունել, որ անպտղության դեմ երկարատև պայքարից հետո նրանք, ի վերջո, երեխա կունենան: Իսկ ավելի ուշ նրանք պարզապես ապշել են՝ իմանալով, որ սպասում են քառյակի:
Լուրը լսելիս նրանց անհավանական արձագանքը հիվանդանոցում լուսանկարել է իրենց ընկերը՝ Ալիշիա Հալոքը, և ավելի ուշ տեղադրել համացանցում: Լուսանկարները ցույց են տալիս զույգին ապշած էկրանին նայելիս, ինչից հետո Էշլի Գարդները ձեռքը դնում է ճակատին և խորը շունչ քաշում:
CNN-ին տված հարցազրույցում ապագա մայրիկը խոստովանել է, որ ցնցվել է այդ լուրն իմանալով: «Ես երբեք այդքան հուզված ու միաժամանակ սարսափած չեմ եղել: Մենք այնքան երկար ենք սպասել երեխա ունենալուն… Եվ երբեք չենք մտածել, որ հնարավոր է՝ քառյակ ունենանք»,- ասել է նա: