Չհանձնված բարձունքը. ապրիլյան դեպքերից 5 ամիս անց ...
NEWS.am-ը գրում է.
Մեքենայի բաց պատուհանից փոշին կուլ տալով՝ մոտենում ենք Արցախի սահմանին: Շոգ է ու լուռ, գլխավերեւում ձգվում է կապույտ երկինքը։ Դժվար է հավատալ, որ բոլորովին վերջերս այստեղ նռնակների պայթյունների ու գնդացիրների կրակոցների ձայներ են լսվել: N զորամասի փոխգնդապետի ուղեկցությամբ բարձրանում ենք Մարտակերտի ուղղությամբ դիրքերից մեկը: (ֆոտոռեպորտաժ)
Դաժան մարտերի մասին հուշում են կեղտի ու ավազի հետ խառնված պարկուճները, որ թափված են ոտքերի տակ: Պարկուճներն ընկած են հենց այնտեղ, որտեղ ընկել էին ապրիլի 2-ի գիշերը:
«Այստեղ զոհվել են կապիտան Արմենակ Ուրֆանյանը, շարքայիններ Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը»,- ցույց է տալիս փոխգնդապետը:
Մեզ շրջապատող զինվորները պատմում են՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն այս մարտական դիրքում: Առաջինը, որ ցույց են տալիս, դիրքի մատուռի վրա խոյացող բետոնե խաչն է:
«Անդրանիկ Զոհրաբյանն է այստեղ զոհվել: Վերականգման աշխատանքներն ավարտելուց հետո որոշեցինք բետոնից հիշատակի խաչ սարքել։ Ուզում ենք, որ մեզանից հետո այստեղ ծառայողներն էլ իմանան Անդոյի ու մյուս տղաների մասին»,- ասում են նրանք:
Հետո մեզ ուղեկցում են այն խրամախորշը, որտեղ Ռոբերտ Աբաջյանը պայթեցրել է իրեն եւ հակառակորդի մի քանի զինվորի: Այս խրամախորշի վերանորոգումից հետո Ռոբերտի ծառայակից ընկերները պատին փորագրել են նրա անվան եւ ազգանվան սկզբնատառերը (R.A.) եւ ծաղիկ: Զարմանալի զուգադիպությամբ խրամախորշը գտնվում է դիրքի մատուռի կողքին:
Այսօր այս դիրքը պահում են ապրիլի 2-ին հարեւան դիրքերում հերթապահություն իրականացնող շարքայինները: Նրանք բոլորը նույն դասակի զինծառայողներն էին։
«Սովորական հերթապահություն էինք անում,- պատմում է Աբաջյանի ծառայակից ընկերներից Գեւորգ Դավթյանը,- հանկարծ մոտակայքում մի քանի արկ պայթեց, մենք համապատասխան քայլեր ձեռնարկեցինք, բայց մինչեւ լուսաբաց կրակի տակ էինք»:
Առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում, շարունակում է Գեւորգը, հեռախոսազանգ են ստացել. զանգողն Աբաջյանն էր:
«Ասում էր՝ շատ են, հասեք, չենք կարում... բայց մենք չէինք կարողանում օգնության հասնել, որովհետեւ ինքներս էլ կրակի տակ էինք»,- հիշում է Գեւորգը:
«Ապրիլյան պատերազմի օրերին հարեւան դիրքում եմ եղել, հակառակորդը հրետակոծում էր, փորձում ներթափանցել, սակայն ապարդյուն: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էլ իմացել ենք՝ Աբաջյանենց դիրքում ինչ էր կատարվում, մեր դիրքից փորձել ենք օգնել, սակայն չէինք կարող թողնել մեր դիրքը»,- ավելացնում է Էդուարդ Խաչատրյանը:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ հակառակորդը նպատակ է ունեցել նախ գրավել Ուրֆանյանենց դիրքը, ապա՝ հարեւան դիրքերն ու առաջ շարժվել: Կապիտան Ուրֆանյանն ու իր զինվորները մի քանի ժամ շարունակ անհավասար մարտ են վարել՝ օգտագործելով իրենց մոտ եղած բոլոր միջոցները: Ընկերների զոհվելուց հետո ողջ մնացած Աբաջյանը նռնակով պայթեցրել է իրեն եւ հակառակորդի մի քանի զինվորի: Գրավված դիրքում ադրբեջանցիները մնացել են ընդամենը 40 րոպե: Վեց հայ մարտիկներից կազմված խումբը կարողացել էր հետ վերցնել դիրքը՝ հակառակորդին թույլ չտալով առաջ շարժվել: Ի հիշատակ հերոսական սխրանքի՝ դիրքում վերջերս խաչքար է տեղադրվել, որի վրա գրված է չորս ինքնազոհ զինծառայողների անունները: