Ղարաբաղի խնդիրը լուծվեց
ԼՂՀ անկախության տոնն այս տարի հիշարժան է ոչ միայն կլոր տարեթվով՝ 25-ամյակ, այլեւ Ղարաբաղյան խնդրի «կարգավորման» ընթացքի եւ տրամաբանության բացահայտմամբ: Անկախության 25-ամյակին Ղարաբաղի խնդիրը լուծվեց: Այն առումով, որ վերջին շրջանի իրադարձությունները եւ բացահայտումները ցրեցին թե «կարգավորման», թե դրա շուրջ ստեղծված պատկերացումներն ու կաղապարները, եւ հայ հանրությունը խոշոր հաշվով հասկացավ, թե ինչ է կատարվել:
Հասկացավ, որ նման խնդիր ըստ էության չկա, այդ խնդիրը լուծվել է վաղուց՝ պատերազմի արդյունքում: Խնդիրը արտաքին ասպարեզում եղել է պետությունների հարաբերություններ պարզելու եւ քաղաքական ինչ-ինչ զարգացումներ խթանելու լծակ: Ներքին կյանքում ղարաբաղյան խնդիրը խոշոր հաշվով եղել է իշխանության ձեւավորման հիմքը եւ իշխանությունների երկու տասնամյակի քաղաքականության ձախողումների «արդարացումը»:
Հանրությունը հասկացավ, որ խնդիրն իր զրկանքների, իր զավակների կյանքի գնով ձեռք բերված լուծմանը տեր կանգնելն է, եւ դա լիուլի ցույց տվեց ապրիլյան պատերազմի օրերին:
Հասկացավ, որ ոչ ոք աշխարհում չի անի ավելին, եւ չի լինի ավելին, քան այն, ինչին ընդունակ ու արժանի է ինքը: Լուծումը ուղիղ համեմատական է տվյալ հանրության արժանապատվության, ազատության, սեփական երկրին տեր կանգնելու ընդունակության աստիճանին: Լուծումը հենց այդ աստիճանն է:
Երկու տասնամյակից ավելի պահանջվեց հանրային այս ընկալման համար, եւ այն եկավ: Եվ ղարաբաղյան խնդիրն այդպիսով վերջնականապես լուծվեց: Անցյալում են մնացել «հողերի հանձնման», «պատմական արդարության», «բարեկամների ու թշնամիների» շուրջ անպտուղ ու անհեթեթ բանավեճերն ու նվնվոցը, արդարացման, մեղքը այլոց վրա գցելու փորձերը: Ամեն ինչ պարզ է սեպտեմբերյան այս նշանակալի օրվա խորհրդի պես:
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/138614