Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը վերադարձավ հայրենիք



Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձավ հայրենիք: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: Օդանավակայանի սպասասրահ Հակոբը մտավ վազելով ու թռչկոտելով և անմիջապես նետվեց հարազատների գիրկը: Ներկաների աչքերին երջանկության արցունքներն էին:
 
Այնուհետև Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց լրագրողների հարցերին և ընդգծեց, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Նա նաև նշեց, որ ինքը շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի հանձնել. դեռ 9 ամիս պետք է ծառայի:


Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում և ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժների որ մասն է իրականությանը համապատասխանել, պատասխանեց, որ չի ուզում այդ թեմայից խոսել, քանի որ իր համար շատ դժվար է եղել, բայց ժամանակի ընթացքում կարողացել է գերության մեջ ապրել։

«Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք ա խոսամ: Կարմիր խաչի այցելությունից առաջ էլ էին կանչում ասում, թե ինչ պետք ա խոսամ, իմ նամակները ընթերցում էին ... Նամակներից բովանդակությունն իրենք ասում էին, ես արդեն իմանում էի` ինչ պետք ա գրեմ»,– պատմեց նա:

Ինչ վերաբերում է ներկայիս ֆիզիկական վիճակին, ապա նա նշեց, որ այս պահին իրեն լավ է զգում, հատկապես հոգեպես: Նա շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին` իրեն գերությունից ազատելու համար։

Հակոբ Ինջիղուլյանն ընդգծեց, որ ինքնակամ է որոշել վերադառնալ Հայաստան, իսկ միջազգային կազմակերպությունները աջակցել են: Հարցին, թե ինչու անմիջապես հայրենիք չվերադարձավ, այլ մեկնեց երրորդ երկիր, պատասխանեց. «Ադրբեջանական ղեկավարությունն է ասել, որ պետք է գնաս երրորդ երկիր, եթե փորձես փախչել գերությունից կամ այնպես անես, որ գնաս Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում: Գնացի երրորդ երկիր և եկա Հայաստան»:

Հարցին, թե իրենից փորձել են տեղեկություններ կորզել, պատասխանեց. «Իհարկե, բայց դա եթերում ասելու բան չի, հիմնականում ծառայությունից էին ուզում տեղեկություն իմանալ, մարտական դիրքերից և քաղաքականությունից …»:

Հակոբ Ինջիղուլյանը պատմեց նաև, որ ինքը գտնվել է հինգ հարկանի զինվորական գաղութում և գերության ընթացքում հանդիպել է հայերի, սակայն նպատակահարմար չգտավ ասել, թե ովքեր են եղել նրանք:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրեն չեն համարում ազգի դավաճան:

Իսկ օդանավակայանից անմիջապես հետո ասաց, որ գնալու է եկեղեցի. «Ես ցանկանում եմ գնալ եկեղեցի, քանի որ իմ պահապան խաչը փրկել է ինձ գերությունից, բայց հիմա իմ վզին չի, քանի որ պառավը քաշեց պոկեց»:
'; (function() { var dsq = document.createElement('script'); dsq.type = 'text/javascript'; dsq.async = true; dsq.src = '//' + disqus_shortname + '.disqus.com/embed.js'; (document.getElementsByTagName('head')[0] || document.getElementsByTagName('body')[0]).appendChild(dsq); })();
Технологии Blogger.