Գնդապետի որդին է դանակով սպանել որդուս. դաժանորեն սպանված կուրսանտի հայրը. (տեսանյութ)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր կրկին չսկսված ավարատվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրասանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Այն հետաձգվեց միչև դեկտեմբերի 24-ը: Հետաձգման պատճառը կրկին այն էր, որ գործով մի քանի պաշտպաններ չէին ներկայացել: Նախագահող դատավորը պաշտպան Արա Ղազարյանի բացակայությունը անբարեխղճություն որակեց` նշելով, որ հերթական անգամ բացակայելը և դրա մասին դատարանին նիստից րոպեներ առաջ հայտնելը ոչ բարեխիղճ վերաբերմունք է դատարանի նկատմամբ:Լրագրողների հետ զրույցում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը նշեց, որ մտավախություն ունի, որ այս տարի գործով դատական նիստ չի կայանա: Նա նաև հիշեցրեց, որ գործում գլխավոր մեղավորը գնդապետի որդի Գնել Թևոսյանն է, որը դանակով է հարվածել:
«Գնելի փաստաբան Արա Զաքարյանը պնդում է, թե ինքնասպանություն է եղել, բայց գլխավոր մարդասպանը Գնելն է: Փաստաբանը համարում է՝ նախաքննության ընթացքում ճնշումներ են գործադրվել վկաների վրա: Իրեն որ մնար, ծածկադմփոց կլիներ գործը. բայց վկաններ կան, որոնք փաստում են մեղքը»,- ասաց Արկադի Բարսեղյանը՝ նշելով, որ կուրսանտներից ոմանք ասել են, որ երբ տեսել են, թե Հայկազը ինչ դիրքով է կախված, միանգամից հասկացել են, որ ինքնասպանություն չի եղել:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ` Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: