1 ամիս առաջ դանակահարված 16-ամյա Խաչիկը մահացել է
Երեւանում հունվարի 6-ին դանակի 14 հարված ստացած 16-ամյա Խաչիկ Ղազանչյանն այսօր՝ փետրվարի 9-ին մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները:
Նշենք, որ գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, միացված էր արհեստական շնչառության ապարատին:
Հիշեցնենք, որ Խաչիկ Ղազանչյանին դանակահարելու մեջ մեղադրվում է նրա ընկերը՝ 18-ամյա Սուրեն Մուրադյանը:
Խաչիկի ծնողների պատմելով՝ դանակահարությունը եղել է, երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին, Սուրենը բարձր գոռացել է Խաչիկի անունը ու մեջքից դանակի հարվածներ հասցրել նրան: Այնուհետեւ տղային ինչ-որ տաքսու վարորդ բերել է շենքի մոտ, որտեղ նրանց տունն է, հարեւաններից մեկը տեսել է ու տարել հիվանդանոց:
Դանակահարության պատճառը Խաչիկի ծնողների համար անհայտ է: Վարկած է պտտվում, թե Խաչիկը շնորհավորել է Սուրենի Սուրբ Ծնունդը, ինչից նա վրդովվել է: Խաչիկի ծնողների խոսքով՝ Սուրենի վարքում տարօրինակություններ են եղել, նա սասափեցնող դիմակներով շրջել է փողոցում, ընկերները պատմել են, որ Սուրենը իրենց հաճախ տարօրինակ լուսանկարներ է ուղարկել՝ մարդկանց մարմնի կտրտված մասեր, դիակներ:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, հայտարարվել է հետախուզում։