Սահմռկեցուցիչ Դեպք Գյումրիում՝ Կտրել Են Երիտասարդի Ականջը...22-ամյա երիտասարդի ականջը կտրել է՝ իր քրոջ հետ «Ֆեյսբուքով» շփվելու համար... մանրամասներ
Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառը, որի ժամանակ կտրել են 22-ամյա երիտասարդի ականջը, եղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում 22-ամյա Արթուր Տոնապետյանի շփումը ինչ-որ կնոջ հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ գործով կասկածյալը իր ցուցմունքում ասել է, որ հանցագործության դրդապատճառը եղել է «Ֆեյսբուքում» իր քրոջ հետ շփումը:
Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 22-ամյա Արթուր Տոնապետյանի ականջը կտրելու մեջ կասկածվում է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանը:
Ոսկեհասկի գյուղապետը Արտաշես Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Հարությունյանը լավ ընտանիքից է, գյուղում բոլորը զարմացել են, որ նա նման բան է արել:
«Էդ տղեն իդեալական ընտանիքից է, լավ ծնողներ ունի, նորմալ դաստիարակություն: Թե ինչի է նման բան եղել չեմ կարող ասել, երկվանից ոստիկանները մեր գյուղում են, գյուղում նույնիսկ խոսում են որ խնդիրը ոչ թե քրոջ այլ հորեղբոր թոռան մասին է: Հիմա թե ինչ է կատարվում, ճիշտը չգիտեմ, Արմենը նաեւ ամուսնալուծված քույր ունի»,-ասաց նա:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում փետրվարի 16-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրել են 22-ամյա երիտասարդի ականջը:
Նա այժմ գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնում: Ըստ ԲԿ-ի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանի՝ երիտասարդի մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում:
